.jpg)
Իտալիայում ձերբակալվել են Դեդ Հասանի սպանության մեղսակիցները
Իտալիայում ձերբակալվել են, այսպես կոչված, «ռուսական մաֆիայի» անդամները, որոնք հնարավոր է մեղսակից են Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանությանը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, ձերբակալվածների թվում են «օրենքով գողեր» Գեորգի Գուրչիանին, Իրակլի Պիպիան և Ռոին Ուգուլավան:
Նրանք մեղադրվում են մեկ այլ «օրենքով գող» Դավիդ Օզմանովի դեմ Բելգիայում կազմակերպված մահափորձի մեջ:
Իտալացի ոստիկանների` Հռոմի մոտ իրականացված գործողության ժամանակ ձերբակալվել են 7 քրեական հեղինակություններ, որոնցից վերոնշյալ երեքն ունեն «օրենքով գողի» կարգավիճակ:
Բելգիայի իրավապահները մեղադրում են 7 հեղինակություններին 2011թ.-ին Դավիդ Օզմանովի և մեկ այլ հեղինակություն Ռոման Մանուկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ:
Երեք «օրենքով գողերը» մասնակցել են Հռոմում կայացած «սխոդկային», որտեղ մահվան դատավճիռ է կայացվել Ուսոյանի դեմ:
Հիշեցնենք, որ Իտալացի ոստիկաններն իրենց ռուսաստանցի գործընկերներին մի քանի ամիս առաջ հայտնել էին, որ բացահայտել են Դեդ Հասանի սպանության կազմակերպիչներին:
Իտալացի ոստիկանները Եվրոպայում «ռուսական մաֆիայի» դեմ պայքարի շրջանակներում բացահայտել են քրեական 2 հեղինակությունների գաղտնի ձայնագրությունները:
Ձայնագրության մեջ միմյանց հետ զրուցում են «օրենքով գողեր» Տարիել Օնիանին և Մերաբ Ջանգվելաձեն:
2012 թ.-ին սեպտմեբերի 12-ին Մերաբը Հռոմում հերթական «սխոդկան» է հրավիրում և «օրենքով գողերի» հետ միասին քննարկում Դեդ Հասանի հետ իր հակամարտությունը:
Այս սխոդկայի ընթացքում Տարոն և Մերաբը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ջանգվելաջեն հարցրել է Տարոյին, թե ինչ պետք է անել Դեդ Հասանի հետ, ինչին Տարոն պատասխանել է, որ չեղյալ համարեք նրան և վերջ:
Իտալացի իրավապահները կարծում են, որ հենց այդ «սխոդկայի» ընթացքում Դեդ Հասանի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել:
Նշենք, որ 2013 թ.-ի հունվարին Դեդը սպանվել է դիպուկահարի կողմից Մոսկվայում:
Ոստիկանները նաև բացահայտել են նույն «օրենքով գողերի» արդեն Հասանի սպանությունից հետո տեղի ունեցած խոսակցությունը, որտեղ նրանք ուրախ հայտարարում են, որ այդ օրը իրենց բոլորի համար ծննդյան օր է:
Տարիել Օնիանին համարվել է քրեական աշխարհի «գեներալներից» մեկը, իր ազդեցությամբ չզիջելով Յապոնչիկին, Դեդ Հասանին և քրեական աշխարհի այժմ գործող այլ հեղինակություններին:
Օնիանին ծնվել է 1952 թ.-ին Արևմտյան Վրաստանում և «քութայիսյան» հանցավոր խմբավորման ներկայացուցիչ է, որը քրեական աշխարհում համարվում է ամենազդեցիկ կլաններից մեկը:
Նա համարվում էր 1980-1990-ական թթ.-ի Մոսկվայի ամենաազդեցիկ «օրենքով գողը» և որոշ տեղեկություններով, լավ հարաբերությունների մեջ էր գտնվում նաև ռուս «օրենքով գողերի» հետ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Տարոյի կարողությունը հասնում է 400 միլիոն դոլարի, իսկ «քութայիսյան» խմբավորման անդամների թիվն անցնում է 500-ից:
1990-ական թթ.-ին Մոսկվայի վրացական մաֆիայի կնքահայրը տեղափոխվել է Փարիզ, այնուհետև՝ Իսպանիա: