.jpg)
Բյուջեի փաթեթը Պավել Սաֆարյանի «խաթեր» կընդունեն
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր ուժային կառույցների 2014 թ-ի բյուջեով նախատեսված ֆինանսավորման հարցը, ներառված էր նաև գերատեսչությունների աշխատակիցների, մասնավորապես` զինծառայողների աշխատավարձերի հարցը: Բյուջեն ներկայացնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
ԱԺ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը տեղից արձագանքեց. «Զինվորներին ինչքա՞ն փող եք տալիս, դու էդ ասա: Մեզի փող պետք չէ, իրանց ինչքա՞ն եք տալիս»:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ դրանք տարբեր են և սահմանված են ըստ խմբերի։ «Ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատավարձերը հավասարեցված են, ՊՆ-ի աշխատավարձրեը փոքր-ինչ ավելի բարձր են: Փրկարար ծառայությունում ավելի ցածր է աշխատավարձ, քան ոստիկանությունում և ԱԱԾ-ում»: Նաև մանրամասնեց, թե օրինակ գեներալական կազմը երեք ենթախումբ է պարունակում, լինելու է նվազագույն աշխատավարձ՝ 66 հազար դրամ։
Սեյրան Սարոյանը կրկին արձագանքեց. «Ինչ թիվ պիտի չասես՝ կասես, ինչ թիվ պիտի ասես՝ չես ասի»:
«Հունվարից ուժային կառույցների աշխատավարձերը բարձրանում են 10 տոկոսով, ԱԺ-ն դեռ պետք է ընդունի, իսկ դուք չընդունած թիվը հրապարակում եք»,- միջամտեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Փոխնախարարը նշեց, որ ԱԺ-ն, եթե չընդունի բյուջեի փաթեթը` հետ կտանեն, իսկ աշխատավարձերը ներկայացվում են փաթեթի համաձայն, որին գեներալ Սարոյանը արձագանքեց. «Քո խաթր կընդունենք»։