.jpg)
Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել է ճոկանի հետ կապված Ադրբեջանի դիմումը հետ տալ
Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել է ճոկան մարզախաղը (polo) Ադրբեջանի անվանը գրանցելու կապակցությամբ այդ երկրի կողմից ներկայացված դիմումը հետ վերադարձնել: Այդ մասին հաղորդում է «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Նաջաֆին հոկտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում պահանջել է 2003 թվականին հաստատված կոնվենցիայի շրջանակներում՝ մշակութային ժառանգության պահպանման նպատակով ներկայացրած հայցը քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Ալի Նաջաֆին նշել է, որ Ադրբեջանի ներկայացրած հայցը բացասական է ընկալվել Ւրանում: Ըստ նրա՝ մի շարք հասարակական կազմակերպություններ և խմբակցություններ իրենց մտահոգությունն են հայտնել այդ խնդրի առնչությամբ:
Նշենք, որ օրերս ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանի Զադեն տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին իրենց անվանը գրանցելու ջանքերից հետո հիմա էլ փորձ են անում նույն կերպ վարվել հին իրանական ճոկան մարզախաղի հետ և այդ առումով արդեն պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Ճոկանը խմբակային սպորտի տեսակ է, որ խաղում են մականներով և գնդակով։ Մասնակիցները ձիավորներ են, որոնք բաժանվում են երկու խմբի և խաղադաշտում հատուկ մականների օգնությամբ փորձում են գնդակով գրավել հակառակորդի դարպասը։
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Նախորդող հրապարակումներ՝ Իրան. Թույլ չենք տա, որպեսզի Ադրբեջանը ճոկանը (polo) գրանցի իր անվանը
Իրանցի արվեստագետները՝ ճոկանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների մասին