Ճամբարակի Բորյան եղբայրների անվան թանգարանը վերանորոգվեց
29/10/2013 17:14

Ճամբարակի Բորյան եղբայրների անվան թանգարանը վերանորոգվեց

Հոկտեմբերի 28-ին Ճամբարակում կայացավ վերանորոգված Բորյան եղբայրների անվան թանգարանի և մշակութային կենտրոնի բացումը, որին ներկա էին «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստանի» ներկայացուցիչները, Ճամբարակի քաղաքապետը և բնակիչները:

«Ճամբարակի թանգարան և մշակութային կենտրոն» ծրագիրը մեկնարկել է 2013 մայիսի 15-ին՝ Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստանի» միջև համագործակցության շրջանակում: Այն նպատակ ունի վերականգնել Ճամբարակի թանգարանը և գրադարանը՝ վերածելով այն համայնքային և մշակութային կենտրոնի, ինչպես նաև՝ հիմնել արհեստների և արվեստների խմբակներ /գորգագործության և փայտամշակման/ երեխաների և դեռահասների համար։

Ճամբարակ քաղաքի մշակութային կենտրոնը և Բորյան եղբայրների անվան թանգարանը, որը կառուցվել է 70-ականներին, վաղուց գտնվում էր խարխլված վիճակում: Թանգարանի վերականգնումը կօգնի պահպանել մշակութային ժառանգությունը և համայնքի երեխաների համար կրթության և ժամանցի հնարավորություն կստեղծի: Ճամբարակի և հարակից գյուղերի 1500 երեխաների համար այն նաև հնարավորություն կընձեռի անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել՝ հետագայում աշխատանք գտնելու համար:

Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 22,287,600 դրամ, որից 12,300,000 դրամը տրամադրել է Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, իսկ 9,987,600 դրամը՝ «Վորլդ Վիժն Հայաստանը»:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011 թ.-ի հունիսին, որի հիմնադիրն է «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ գերմանական ընկերությունը:
 

Ճամբարակի Բորյան եղբայրների անվան թանգարանը վերանորոգվեց