.jpg)
Կենսաբանության թեմայով միջազգային գիտաժողովն ավարտվեց. Մասնակիցները գոհ են
Օրերս Երևանում անցկացվեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 70-ամյակին նվիրված «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ- 4» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը:
Հայաստանյան և արտերկրյա մի շարք գիտահետազոտական և բուհական հաստատությունների երիտասարդ գիտնականներ ներկայացրեցին իրենց գիտական աշխատանքները մոլեկուլային կենսաբանության և կենսաբժշկական հարակից ուղղություններով, ընդհանուր առմամբ` 70 զեկույց: Ավելի ուշ դրանցից ընտրվեցին երեք լավագույնները: Aysor.am-ը զրուցեց լավագույն զեկույցներից մեկի հեղինակ` Տիգրան Հարությունյանի հետ, ով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ասպիրանտն է.
«Իմ զեկույցը վերաբերում էր հակաքաղցկեղային մի միացության, որն օգտագործվում է այս հիվանդության բուժման մեջ: Բայց քանի որ այն ունի շատ բարձր տոկսիկություն, բուժման ժամանակ վերացնում է ոչ միայն հիվանդ, այլև` առողջ բջիջները: Հիմա մենք փորձում ենք հատուկ կոմպլեքսի շնորհիվ նվազեցնել դրա տոկսիկությունը: Այսինքն ստանալ ռեալ միջոց, որը հնարավորինս քիչ կվնասի առողջ բջիջներն ու կվերացնի ախտահարվածները»,- Aysor.am- ին ասաց Տիգրանը:
Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք կարևորագույն այս ուսումնասիրությունը ստանո՞ւմ է պատշաճ ֆինանսավորում.
«Կոնկրետ այս ուսումնասիրությունը ֆինանսավորվել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոն կողմից: Իսկ ընդհանրապես, ցավոք, Հայաստանում ծրագրերի մեծամասնությունը ֆինանսավորվում է դրամաշնորհների միջոցով: Չկա պետական ֆինանասավորում, ինչպես օրինակ բազմաթիվ այլ երկրներում է ու հենց այս պատճառով էլ մենք, ցավոք, երբեմն զիջում ենք արտասահմանին»,- ասաց Տիգրան Հարությունյանն ու ընդգծեց.
«Ամենացավալին այն է, որ մեր գիտական կադրերը ոչ միայն ոչնչով չեն զիջում դրսի գիտնականներին, այլև` որոշ ոլորտներում անգամ գերազանցում են: Բայց ֆինանսավորման չափազանց փոքր հնարավորությունները թույլ չեն տալիս մեզ ցանկալի մակարդակի վրա լինել»:
Տիգրան Հարությունյանը կարևորեց նման միջազգային գիտաժողովների կազմակերպումը, քանի որ դրանք հիմնականում նպաստում են գիտնականների փորձի փոխանակմանն ու օգնում են նոր ծանոթություններ հաստատել.
«Շատ կարևոր գիտաժողով էր իսկապես: Կային հյուրեր արտասահմանից ու նրանք հնարավորություն ունեին լսել մեր զեկուցումներն ու անել համապատասխան դիտողությունները: Բացի այդ շատ կարևոր էր այն, որ գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն էր, ինչն էլ թույլ տվեց, որ մեր կատարած աշխատանքը տարածվի ու օգտագործվի նաև արտասահմանում»,- ասաց Տիգրան Հարությունյանը:
Նրա խոսքով` այն, որ իր զեկույցն արժանացավ բարձր գնահատականի, ևս մեկ ազդակ էր, որ անպայման շարունակի զբաղվել գիտությամբ ու մնա Հայաստանում.
«Ինչքան էլ որ բարդ է գիտական ոլորտում ֆինանսավորման հարցը Հայաստանում, միևնույն է` ես մնալու եմ այստեղ ու հենց այստեղ եմ ստանալու գիտական աստիճան»,- ասաց Տիգրան Հարությունյանը:
Aysor.am-ը զրուցեց նաև լավագույն զեկույցներից երկրորդի հեղինակ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Ներսիսյան հետ, ով նույնպես բարձր գնահատեց գիտաժողովի աշխատանքը.
«Ես ներկայացնում էի զեկույց, որը թիմային աշխատանքի արդյունք էր: Շատ ուրախ եմ, որ այն գնահատվեց: Սա հատկապես հաճելի է այն դեպքում, որ Հայաստանում գիտնականները ոլորտում մնում են միայն էնտուզիազմի հաշվին: Այնպես որ, սա ևս մեկ ազդակ էր մեր գործը շարունակելու համար»,- ասաց Լիլիթ Ներսիսյանը:
Նշենք, որ «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ» գիտաժողովը կազմակեպվում է արդեն չորրորդ անգամ` ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Մոլեկուլային ու բջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիայի կողմից:
Նախորդող հրապարակում` ԳԱԱ-ում մեկնարկեց բջջային կենսաբանության թեմայով միջազգային գիտաժողով