ԱՄՆ-ը Թեհրանին թուլացնելու համար Իրանի շուրջ մինի-NATO է ձևավորում
29/10/2013 19:44

ԱՄՆ-ը Թեհրանին թուլացնելու համար Իրանի շուրջ մինի-NATO է ձևավորում

ԱՄՆ-ի Սիրիայում Ասադի տապալման և հակաասադական ուժերին իշխանության բերելու թիրախներից մեկը՝ Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի թուլացումն է:

Սիրիական ճգնաժամում ներգրավված ուժերը՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը մի կողմից, մյուս կողմից Իրանը՝ լիբանանյան Հզբոլահ շարժման հետ դաշնակցած, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հետ են պայմանավորում Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր իրավիճակի և ուժերի նոր բալանսի ձևավորումը:

Տարածաշրջանում Իրանի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի՝ Սիրիայի թուլացմամբ ԱՄՆ-ը ճանապարհ է հարթում Իրանի լիարժեք մեկուսացման և հնարավորության դեպքում Իսլամական Հանրապետությանը հարվածելու և վարչակարգը փոխելու համար:

ԱՄՆ-ը Իրանի շուրջ արդեն իսկ ձևավորել է հակաիրանական կոալիցիա, դաշինք, որը շատ հաճախ անվանում են նաև մինի-NATO: Այդ երկրները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ առաջին խմբի մեջ են մտնում Վաշինգտոնի դաշնակից Պարսից ծոցի արաբական միապետությունները՝ Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Սաուդյան Արաբիան:

Ծոցի այդ երկրները անհանգստացած են Իրանի հզորացմամբ, այդ թվում ռազմական պոտենցիալի աճից և դաշնակցում ու միլիարդավոր դոլարների արդիական զենքեր են գնում իրենց հիմնական դաշնակցից և անվտանգությունը ապահովող ԱՄՆ-ից:

Այսպես, այդ երկրների տարածքում ԱՄՆ-ը տեղակայել է իր ռազմակայանները, ռազմական ենթակառուցվածքները, որոնք ուղղված են Իրանի դեմ և նպատակ ունեն սահմանափակել Իրանի ազդեցությունը Ծոցում և փորձում են վերահսկել Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի արտահանման կարևորագույն ուղիներից մեկը:

Պարսից ծոցում ԱՄՆ-ը կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք: Այսպես, Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ:

Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:

Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:

Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները:

Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:

Տվյալ երկրները համարվում են Իրանի տարածաշրջանային հակառակորդները, իսկ Իրանը այդ երկրների դեմ որպես հակակշիռ կարող է օգտագործել այդ երկրներում բնակվող շիական համայնքները, որոնք հատկապես խոշոր են Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև իր ռազմածովային ուժերը և հրթիռային համակարգերը, ոչնչացնելով ամերիկյան ռազմակայանները և արաբական տվյալ երկրների նավթագազային հանքավայրերը և գործարանները:

Մինի-NATO-ի մեջ մտնող երկրների մեկ այլ խմբի մեջ են մտնում Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ակտիվորեն համագործակցում են ԱՄՆ-ի, իսկ Ադրբեջանի դեպքում նաև Իսրայելի հետ:

NATO-ի անդամ Թուրքիայի տարածքում գտնվող Ինջեռլիք ռազմակայանում են տեղակայված ամերիկյան ռազմական օդանավերը, բացի այդ, վերջերս Մալաթիայում՝Իրանի հետ սահմանին տեղակայվեց ռադիոտեղորոշիչ կայան, որը կարող է օգտագործվել նաև Իրանի դեմ:

Իրանը շատ կտրուկ արձագանքեց Թուրքիայի այդ քայլին և հայտարարեց, որ այդ կայանը պետք է պաշտպանի Իսրայելին՝ իրանական հնարավոր պատասխան հարվածներից: ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան սահմանափակում է Իրանի ազդեցությունը Մերձավոր և Միջին Արևելքում և լարվածության մեջ պահում այդ երկիրը հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

Թուրքիայի և Իսրայելի դաշնակից Ադրբեջանը, որը բազմաթիվ անգամ հանդես է եկել հակաիրանական կոչերով և գործողություններով, ռազմական սերտ համագործակցություն է հաստատել Թեհրանի հակառակորդ Իսրայելի հետ և միլիարդավոր դոլարների զենք է գնում Թել-Ավիվից: Բացի այդ, մի քանի տարի առաջ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանը Իսրայելին է տրամադրել իր որոշ ռազմակայաններ՝ Քյուրդամիրը, Գյանջան, Նասոսնայան և Կալան:

Ադրբեջանը կարող է փորձել օգտվել Իրանի վրա հարձակումից՝ այդ երկրի հյուսիսային տարածքները բռնակցելու համար, եթե Իրանը սկսի կազմաքանդվել էթնիկ-կրոնական սահմաններով:

Ադրբեջանը հակաիրանական իր պլացդարմի դերը խաղալով փորձում է սահմանափակել իրանական ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում և դաշնակցելով Թուրքիայի հետ՝ հնարավորության դեպքում իրականացնել իրենց վաղեմի պանթուրքական ծրագիրը՝ Իրանի հյուսիսը օկուպացնելը և միմյանց հետ միավորվելը:

Իրանը իր շուրջ ձևավորված մինի-NATO-ի դեմ պայքարելու համար ամրապնդում է դաշնակցային հարաբերությունները մի շարք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ, ինչպես նաև օգտագործում է Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին՝ Սիրիային, Հզբոլահ շարժմանը, պաղեստինյան մի շարք կազմակերպություններին արևմտյան ճնշմանը դիմագրավելու համար:

Այսպիսով, սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը հօգուտ Արևմուտքի, կարող է ակտիվացնել մինի-NATO-ի հակաիրանական գործողությունները և սեղմել ճնշման օղակը այդ երկրի շուրջ:
 

ԱՄՆ-ը Թեհրանին թուլացնելու համար Իրանի շուրջ մինի-NATO է ձևավորում