.jpg)
ԻԻՀ. Ադրբեջանում Իրանի քաղաքացիների նկատմամբ ճնշումները մեծացել են
Ադրբեջանում գործունեություն ծավալող Իրանի քաղաքացիների նկատմամբ ճնշումները մեծացել են: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բաքվում ԻԻՀ դեսպանության իր աղբյուրներին:
Իրանական աղբյուրը հաղորդում է, որ վերջերս Ադրբեջանի ՆԳ նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, չներկայացնելով գործողություններ սկսելու վերաբերյալ համապատասխան թույլտվություն, ներխուժել են ԻԻՀ քաղաքացուն պատկանող «Իմիդիս» կլինիկան և բռնագրավել գույքի մի մասը, ինչի հետևանքով դադարեցվել է կլինիկայի գործունեությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիներից մեկը կլինիկայի կողմից տրված սխալ ախտորոշման համար բողոք է ներկայացրել պատկան մարմիններին, ինչին էլ հետևել է դրա գործունեության դադարեցումը:
«Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության ներկայացուցչի այն հարցին, թե սխալ ախտորոշումը ի՞նչ կապ ունի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ, սույն վարչության պետը առանց համոզիչ պատասխան տալու նշել է, թե պետք է սպասել, նախաքննություն է ընթանում»,- նշում է «ԻՍՆԱ»-ի մեկնաբանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության հյուպատոս Սեյյեդ Մոհսեն Մոլային, վերջերս, անդրադառնալով Ադրբեջան այցելող ԻԻՀ քաղաքացիների խնդիրներին, նշել էր. «Հիմնականում, իրանցիները բողոքում են Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցների վատ վերաբերմունքից և այն հանգամանքից, որ իրենցից անօրինական գումարներ են պահանջում: Հետևաբար կոչ եմ անում ձեռնպահ մնալ անօրինական գումարներ վճարելուց, իսկ որևէ տուրք վճարելուց հետո անպայման ստացական վերցնել: Մեր քաղաքացիների բողոքը գնալով մեծանում է և այդ առնչությամբ մենք դիմել են Ադրբեջանի համապատասխան մարմիններին»: