Կոստա. «Շատ բանով եմ պարտական Իսպանիային»
30/10/2013 18:57

Կոստա. «Շատ բանով եմ պարտական Իսպանիային»

«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան բացատրել է, թե ինչու է ընտրել ոչ թե Բրազիլիայի, այլ Իսպանիայի հավաքականը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն: Ֆուտբոլիստը հրաժարվել է հանդես գալ իր երկրի հավաքականի կազմում, քանի որ մեծ կապվածություն է զգում Իսպանիայի հետ:

«Շատ դժվար որոշում էր: Ընտրություն պետք է կատարեի իմ ծննդավայրի և այն երկրի միջև, որն ինձ տվել է ամեն ինչ: Ես գնահատեցի իրավիճակը, մտածեցի և որոշեցի, որ ճիշտ կլինի ընտրել Իսպանիան, քանզի այստեղ հասել եմ այն ամենին, ինչ ունեմ: Մեծ կապվածություն եմ զգում այս երկրի հանդեպ, այստեղ ինձ գնահատում են, այստեղ եմ ապրում և զգում եմ մարդկանց սերը:

Հուսով եմ, Բրազիլիայում հասկանում են, որ իմ ընտրությունն ամենևին չի նշանակում հրաժարվել ծննդավայրից: Ես այդ մասին անգամ չեմ էլ մտածել: Միայն ընտրել եմ այն երկիրը, որտեղ լավ մարզական կարիերա եմ ստեղծել և, կրկնում եմ, հասել եմ ամեն ինչի: Ես շատ բանով եմ պարտական Իսպանիային: Իմ որոշումը լավ մտածված է:

Բրազիլիան այն երկիրն է, որտեղ ծնվել եմ և որտեղ իմ ընտանիքն է: Հուսով եմ, այնտեղ կվերադառնամ, երբ ավարտեմ մարզական կարիերաս: Խնդրում եմ հասականալ ինձ: Ազգային հավաքականի գույները պաշտպանելը յուրահատուկ առաքելություն է: Ես այն կանեմ ուժերիս ներածին չափով»,- նշել է Կոստան:
 

Կոստա. «Շատ բանով եմ պարտական Իսպանիային»