.jpg)
Ս. Օհանյան. Տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական փոփոխություններ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների անդամները: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և ընդգծել, որ վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական փոփոխություններ, որոնք չեն կարող մտահոգության առիթ չհանդիսանալ: Այդպիսիք են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և ռազմականացումը, հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը, հարևան երկրի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը և այլն:
Նշվեց, որ այս առումով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները լուրջ անելիքներ ունեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխան քայլեր իրականացնելու և առկա վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ռազմաքաղաքական և ռազմատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: