Արծվիկ Մինասյան. Արտագաղթը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է
31/10/2013 13:45

Արծվիկ Մինասյան. Արտագաղթը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է

«Արտագաղթը համարվում է այսօրվա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք և արտագաղթի դադարեցման ուղղությամբ պետք է իրականացնել կոնկրետ քայլել: Այս խնդրի լուծումը պետք է դիտարկել որպես ազգային պլատֆորմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» թեմայով հանրային քննարկումների արդյունքներին` ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ արտագաղթի հաղթահարման ուղիներ փնտրելու գործում պետք է ներգրավվեն բոլոր քաղաքական ուժերը՝ իշխանությունը, ընդդիմությունը, այլընտրանքը, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունները և Հայ Առաքելական եկեկեցին:

«Մարդիկ արտագաղթում են Հայաստանից՝ աշխատանքի բացակայության, արժանի վարձատրություն չունենալու, արդարադատության նկատմամբ հավատի բացակայության, ինչպես նաև՝ ապագայի նկատմամբ անորոշության առկայության պատճառով»,- նշեց Ա. Մինասյանը:

Ա. Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկած «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի նվազեցման ծրագրի մի շարք առաջարկներ արդեն իսկ ներառվում են կառավարության ծրագրերի մեջ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում ՀՅԴ-ի արված առաջարկությունը:

«Մեր ծրագրի մեջ ներառված է արդար վարձատրության համակարգի ներդրումը, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվում նվազագույն աշխատավարձի խնդրին»,- ասաց բանախոսը:

Ա. Մինասյանը նշեց, որ արտաղագթի նվազեցման համար պետք է հասարակության մեջ հավատը վերականգնել ապագայի նկատմամբ, ինչպես նաև՝ վարել ճիշտ կադրային քաղաքականություն:

«Մենք մեր ծրագրում կարևորում ենք աշխատատեղերի ստեղծման ծրագիրը և պահանջում կառավարությունից հրապարակել աշխատատեղերի ստեղծման «ճանապարհային քարտեզ»: Մեր կարծիքով կառավարության հայտարարված 100.000 աշխատատեղերի ստեղծումը բավարար չէ»,- ասաց Ա.Մինասյանը: 

Արծվիկ Մինասյան. Արտագաղթը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է