.jpg)
«Բնակչության 50 %-ը հնարավորության դեպքում պատրաստ է արտագաղթել երկրից»
«Ես չեմ ուզում մեր իշխանությունների մեջ դավաճաններ տեսնել: Ես՝ որպես ընդդիմություն, քննադատում եմ իշխանությունների ծրագրերը, սակայն ես չեմ ցանկանում իշխանությունների մեջ տեսնել մարդկանց, ովքեր կանխամտածված դատարկում են երկիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում արտագաղթի խնդրին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ բոլորին պետք է միավորի ոչ թե միմյանց դեմ չարությունը, այլ խնդիրները միասնական, համախմբած լուծելու ցանկությունը:
«Մենք պետք է մեր դրական հատկությունների վրա կառուցենք մենք ծրագրերը և լուծենք երկրի առջև ծառացած խնդիրները»,-նշեց Ա. Մինասյանը:
Իր հերթին, «Արազա» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Հանրային ցանցի» համակարգող Թամարա Աբրահամյանը, անդրադառնալով խնդիրն, նշեց, որ պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի արտագաղթի հաղթահարմամբ և արտագաղթի դեմ պայքարով:
«Արտագաղթի դեմ պայքարի հստակ «ճանապարհային քարտեզ» պետք է մշակվի, որպեսզի ծրագրերը չմնան միայն թղթի վրա»,-նշեց Թ. Աբրահամյանը:
Իր հերթին, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, «ԱյՓի ԷՍ Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը նշեց, որ արտաղագթը անհնար է դադարացնել, եթե այսօրվա տնտեսությունը մնա նույն մակարդակի վրա:
«Այսօր Հայաստանի տնտեսությունը չի կարող կլանել այնքան աշխատողներ, որքանի անհրաժեշտությունը առկա է»,- ասաց Ս. Մանուկյանը:
Նրա խոսքով՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ՀՀ-ի բնակչության 50 %-ը հնարավորության դեպքում պատրաստ է արտագաղթել երկրից, ինչը շատ մեծ և մտահոգիչ ցուցանիշ է: