.jpg)
Իրանում ահաբեկչական զինված խմբավորումները ակտիվացել են
Հոկտեմբերի 26-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Իրանի և Պակիստանի սահմանին գտնվող Սարավան շրջանում Իրանցի սահմանապահների և «Ջայշ-ուլ ադլ» զինված խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում 14 իրանցի սահմանապահ է զոհվել:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ««Ջայշ-ուլ ադլ» խմբավորումը: Նշված կազմակերպության «Թվիթերի» էջում նշվում է, որ այն զինված պայքար է մղում հանուն Իրանի սուննիների պաշտպանության:
Նկատենք, որ Սիսթան և Բալուչեսթան նահանգը Իրանի ամենաընդարձակ նահանգն է, որտեղ ապրում են բալուչներ և ֆարսեր: Տեղի բնակչության մի մասը իսլամի սուննի, իսկ մի մասը՝ շիա ուղղության հետևորդ են:
Իրանի իշխանությունները տեղի ունեցած միջադեպի հենց հաջորդ օրը իրանցի 14 սահմանապահներին սպանած ահաբեկչական խմբավորման 16 անդամ մահապատժի ենթարկեցին: Եվ ահա օրեր անց, մեկ այլ զինված միջադեպ է տեղի ունենում, այս անգամ երկրի հյուսիս-արևմուտքում:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախօրեին Իրանի Արևմտյան Ազարբայջան (Արևմտյան Ատրպատական) նահանգի Բուրալան շրջանում քրդական «Փեժակ» ահաբեկչական խմբավորման և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սահմանապահ զորամիավորումների միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում մեկ սահմանապահ է զոհվել:
Նկատենք, որ Իրանը, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների (Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Թուրքիա), անողոք պայքար մղելով ահաբեկչական այս կամ այն խմբավորումների դեմ, վերջին տարիներին կարողացել է պահպանել երկրի ներքին կայունությունը: Սակայն, նախագահական ընտրություններից հետո, երբ Իրանի դերը զգալիորեն աճեց տարածաշրջանում, որոշ ուժեր, մտահոգվելով Իրանի ձեռք բերած հաջողություններով, նմանատիպ միջադեպեր են սադրում՝ փորձելով ապակայունացնել երկիրը: