.jpg)
Եվրախորհրդարանի անդամները Հայաստանը ճանաչում են որպես առանցքային գործընկեր
Եվրախորհրդարանի անդամները Հայաստանը ճանաչում են որպես հիմնական և առանցքային գործընկեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:
Մ. Ցաբրնոխը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները տարբեր ձևաչափերով զարգանում են, և իրենք աջակցում են այդ հարաբերություններին, ինչպես նաև հետևում այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում:
«Մենք Հայաստանի արտաքին քաղաքականությունում տեղի ունեցած շրջադարձից հետո հանդիպում ենք Վիլնյուսի գագաթաժողովից առաջ: Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, խորհում ենք, թե նոր հարթակներում ինչպիսի հարաբերությունների տեսքով կարող են շարունակվել Հայաստանի հետ հարաբերությունները»,- ասաց Մ. Ցաբրնոխը:
Բանախոսը չափազանց կարևորեց նախօրեին Հայաստանի Նախագահի, վարչապետի, պատգամավորների հետ հանդիպումները: Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը, Ցաբրնոխի գնահատմամբ, բաց էր. «Ես չափազանց բարձր եմ գնահատում Նախագահի հետ հանդիպումը: Նախագահը հստակ և խորը կերպով բացատրեց, թե ինչու է որոշվել Հայաստանի անդամակցումը Մաքսային Միություն»:
Շարունակելով խոսքը՝ նա հայտարարեց, որ պետք է նոր շունչ հաղորդվի այն ծրագրերին, որոնք իրականացվում էին Ասոցացման համաձայնագրի շրջանակում, «քանի որ, ինչպես գիտեք, Ասոցացաման համաձայնագիրը համատեղելի չէ ՄՄ-ի հետ»: