.jpg)
Փոստանջյանն` Աստծու առաջ. Ինչ արել եմ, արել եմ սիրելով, շատ սիրելով
Aysor.am-ը սկսում է նոր շարք` «IQ թեստ` պատգամավորի հետ»:
Այսուհետ ամեն հինգշաբթի Ձեզ կներկայացնենք մեր ազգընտիրների տարրական գիտելիքները, կփորձենք պարզ-հասարակ հարցերով պարզել, թե ի՞նչ գիտելիքներ ունեն պատգամավորները, ինչպիսի՞ հիշողություն և առհասարակ ինչպիսի՞ տրամանբանություն:
Այսպես` շարքը սկսում ենք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից:
Ո՞ւմ էին կոչում Օռլեանի կույսը` Ժաննա դ'Արկին
«Հին աստվածներ» դրամայի հեղինակը. Փոստանջյանը նախ փորձեց դրամայի անունը թարգմանել ռուսերեն, ապա խոստովանեց, որ չգիտի ու չի էլ կարդացել` պատճառաբանելով, թե կրթությունը ռուսական է:
Վատիկանի պետական լեզուն` լատիներեն
Ջրի քիմիական բանաձևը` H2O
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը` Գորբոչով
Նապոլեոնին ոգեշնչած կինը, նրա մեծ սերը` Ժոզեֆինա. Պատգամավորը շտապեց ավելացնել, թե դա եկել է պատմությունից. «Բայց մենք հո չգիտե՞նք, որ իսկապես այդպես էր, ես Նապոլեոնի հետ նույն ժամանակաշրջանում չեմ ապրել, հասակակիցը չեմ եղել, ներկա չեմ եղել, չգիտեմ» (ծիծաղում է -խմբ):
Հայաստանի գլխավոր եկեղեցին` Էջմիածին
Կույրերի այբուբենը. Զարուհի Փոստանջյանը երկրար մտմտաց, հավաստիացրեց, որ հաստատ գիտի, թե ինչպես է կոչվում կույրերի այբուբենը: Նա նույնիսկ օրինակներ բերեց… Այնուամենայնիվ, Փոստանջյանն այդպես էլ չկարողացավ հիշել, թե ինչպես է կոչվում կույրերի այբուբենը:
Ամենամեծ թերությունը. Երկար մտածեց Փոստանջյանը, թե որն է իր ամենամեծ թերությունը, թեև խոստովանեց, որ ունի բազմաթիվ թերություններ, սակայն որն է ամենամեծը, դժվարացավ ասել. «Երբ վերլուծում ես, պահ է գալիս, հասկանում ես, որ թերությունները նույնպես օգնում են. Գուցե այդ պահին խանգարում են, սխալ էր, բայց հետո հասկանում ես, որ դա ճիշտ էր. Ամեն դեպքում իդեալական մարդ չի լինում, ես էլ ունեմ, բայց ամենամեծ թերությունս չեմ կարող նշել, դա հարցրեք իմ հարազատներին»:
Դուք շատ ուշ հասկացաք, որ... Նման դեպքեր չեն եղել, որ ինչ-որ բան շատ ուշ հասկանամ:
Որ պատգամավոր չլինեի, ինչ-որ մի բան հաստատ կլինեի, շատ ազատ ժամանակ կունենայի ու ցանկություններս լիարժեք կտնօրինեի:
Եթե կարողանայի, ապա այնպես կանեի, որ աշխարհի երեսին գտնվող բոլոր հայերը հաստատվեին Հայաստանում, և ոչ թե մի քանի օրով գային հայրենիք` կարոտն առնելու:
Աստծու առաջ հայտնվելով` ես պիտի ասեմ, որ ինչ արել եմ, արել եմ սիրելով, շատ սիրելով, այդպես պետք է իմ հոգին հանձնեմ նրան:
Վերջում պատգամավորը ծիծաղելով հարցրեց. «Գիտելիքներս էիք հա՞ ստուգում»: