.jpg)
«Հավերժ արժեքներ». Մուրանո կղզում պատրաստված քանդակները` Երևանում
2013 թվականի նոյեմբերի 1-3 Հայաստանի ճարարապետների տանը ԱՊՀ և բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների VII համաժողովի շրջանակներում տեղի կունենա Հերիքնազ Գալստյանի (գրաֆիկա) և Տատյանա Դանիլյանցի (գուն. լուսանկար, քանդակ) «Հավերժ արժեքներ» ցուցահանդեսը:
«Հավերժ արժեքներ» ցուցահանդեսը ներկայացնում է երկու ժամանակակից նկարիչների՝ գրաֆիկ և քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (Երևան) և բանաստեղծ, ռեժիսոր և նկարիչ Տատյանա Դանիլյանցի (Մոսկվա-Վենետիկ) նախագծերը:
Հ.Գալստյանի «Հեռացող նախնիների ստվերները» շարքի յուրօրինակ հեղինակային տեխնիկայով կատարած գրաֆիկական աշխատանքները ներկայացնում են Վարանա գյուղի դամբարանների հարթաքանդակների աշխարհը՝ հագեցած յուրահատուկ ջերմությամբ և այսօրվա մարդուն անցյալի և սրբերի հետ վերամիավորող: Նկարչուհին կոչ է անում իրական ազգային մշակութային ժառանգությունը վերաիմաստավորելու, նրա հավերժ արժեքներով ոգեշնչվելու, և անհետացող գեղեցկությամբ հագենալու: Այս շարքի աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ:
Ազգային մշակույթի վերաիմաստավորման է հրավիրում նաև ցուցահանդեսի մյուս հեղինակը՝ Տատյանա Դանիլյանցը: Նրա «Anima Russa/Ռուսական հոգի» նախագիծը առաջին անգամ ցուցադրվել է Վենետիկի «Venice Projects» ցուցասրահում, և ներկայացնում է նկարչուհու պատկերացումը ժամանակակից Ռուսաստանի և նրա բնակչի մասին՝ բեկված մանկության ամենասիրելի «օբյեկտներից» մեկի՝ սառնաշաքարի միջոցով: Ռուսական ավանդական սառնաշաքարը, որը հիշեցումն է հավերժ կենդանի բանահյուսական-հեքիաթային ավանդույթների մասին, հանդիսատեսին են ներկայանում լուսանկարների և մուրանյան ապակուց ձուլված արտ-օբյեկտների տեսքով: Մուրանո կղզում պատրաստված քանդակ-սառնաշաքարները դարձել են յուրօրինակ կամուրջ ռուսական և իտալական ազգային մշակույթների միջև:
Հերիքնազ Գալստյանը և Տատյանա Դանիլյանցն առաջարկում են դիտարկել բանահյուսությունը որպես անսպառ հարստություն, մարդկային հոգու ջերմության աղբյուր, առանց որի անհնար է ինչպես առանձին մարդու, այնպես էլ ողջ մարդկության և ազգերի գոյությունը:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին 20.30-ին Հայաստանի ճարտարապետների միությունում: