Ռուզինսկու հայտարարությունը Կրեմլի մեսիջն է Բաքվի «տաք գլուխներին»
01/11/2013 18:18

Ռուզինսկու հայտարարությունը Կրեմլի մեսիջն է Բաքվի «տաք գլուխներին»

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով, ապա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Այս մասին հայտարարել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին։

Մոսկվան գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ այն է, ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի՝ Ադրբեջանի ակտիվ զինումը, ռազմական բյուջեի ավելացումը և Ադրբեջանի ռազմական դոկտրինում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման չբացառումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված բազմաթիվ պայմանագրերը՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում միմյանց աջակցելու հետ կապված, հստակորեն մեսիջ ուղարկեց Բաքվին՝ ագրեսիայի դեպքում արժանի պատասխանը չի ուշանա:

Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը փաստացի նշանակում էր, որ Մոսկվան բացառում է ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները և ինչը արտացոլված է նրանց կողմից ընդունված բոլոր հայտարարություններում՝ուղղված կողմերին, առաջին հերթին Ադրբեջանին, որը Իլհամ Ալիևի շուրթերով անընդհատ սպառնում է Հայաստանին և Արցախին:

Ռուս հրամանատարի այդ հայտարարությունը սառը ցնցուղի էֆեկտ կարող է ունենալ Ադրբեջանի որոշ տաք գլուխների համար, որոնք վերջերս կրկին «բազեական» հայտարարություններ են անում: Մասնավորապես, Զանգեզուր, Գեյչե ադրբեջանցիների վերադառնալու և այդ տարածքները «ազատագրելու» մասին էր վերջերս հայտարարել Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը նույնպես չէր բացառել Ղարաբաղի ռազմական ճանապարհով հետ բերումը:

Ռուզինսկին լինելով բարձրաստիճան զինվորական, զբաղեցնելով այդքան կարևոր պաշտոն չէր կարող առանց վերադասների համաձայնության, ուղղորդության՝ ՌԴ-ի առաջին դեմքերի մակարդակով, այդպիսի կտրուկ և հստակ հայտարարություն անել, այն էլ այնպիսի նուրբ հարցի վերաբերյալ, ինչպիսին է ղարաբաղյան հարցը:

Ռուսները հասկանում են, թե ինչպիսի արձագանքներ կհնչեն Բաքվից այդ հայտարարության հետ կապված և այդ մեսիջը վերջին նախազգուշացում կարելի է համարել՝ ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը:

Նշենք, որ Ռուզինսկու հայտարարությունը խարխսված է և բխում է նաև այն մեծ իրավապայմանագրային բազայից՝ ռազմական ուղղվածության, որն առկա է Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ թե երկկողմ, թե բազմակողմ մակարդակներով, ինչպես նաև հենց կոնկրետ ՌԴ-ի Զինված ուժերի համար ուղենիշային համարվող Ռազմական դոկտրինը:

Այսպես, Ռուսաստանի Ռազմական դոկտրինի 20-րդ կետում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը իրավաչափ է համարում իր զինված ուժերի և այլ զորքերի օգտագործումը իր կամ իր դաշնակիցների դեմ սանձազերծված ագրեսիան հետ մղելու համար:

Ռազմական դոկտրինի 21-րդ կետում էլ նշվում է, որ Ռուսաստանը համարում է ՀԱՊԿ-ի անդամ-երկրներից որևէ մեկի դեմ ագրեսիան` ագրեսիա ուղղված ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկների դեմ և Մոսկվան այդ դեպքում կիրականացնի Հավաքական անվտանգության պայմանագրից բխող իր պարտականությունները: 

Բացի ՌԴ-ի Ռազմական դոկտրինից, համատեղ պաշտպանության և ագրեսիան համատեղ հետ մղելու վերաբերյալ կան նաև այլ փաստաթղթեր, որոնք իրենց մեջ ներառում են 1992թ.-ի մայիսի 15-ին կնքված ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ կետից բխող պահանջները:

Նշենք, որ այդ պայմանագրի 4-րդ կետում նշվում է, որ եթե ՀԱՊԿ-ի անդամ որևէ երկիր ենթարվի ռազմական ագրեսիայի, ապա դա կհամարվի ագրեսիա անդամ բոլոր երկրների դեմ և տվյալ երկրները ագրեսիայի ենթարկված երկրին անհապաղ անհրաժեշտ օգնությունը կտրամադրեն, այդ թվում ռազմական օգնություն: Հենց այս կետին է հղում կատարում իր հայտարարության մեջ Գյումրիի ռազմակայանի հրամանատարը:

Այսպիսով, ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա սառնությունը, ինչի մասին են խոսում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից ռուսներին դուրս հանելը, մարդասպան Օրհան Զեյնալովի դեպքով պայմանավորված Ադրբեջանի հակառուսական հիսթերիան, այդ թվում Եվրասիական Միությանը չմիանալու փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունները ի վերջո հանգեցրին նրան, որ Կրեմլը հստակ մեսիջ հղեց Ռուզինսկու շուրթերով՝ տարածաշրջանում դաշնակիցները միայնակ չեն մնալու ագրեսիային ընդառաջ, իսկ Արցախի հիմնահարցը ռազմական լուծում չունի:

Ռուզինսկու հայտարարությունը Կրեմլի մեսիջն է Բաքվի «տաք գլուխներին»