.jpg)
ՀԱԿ ներխուժած անձը դանակներն ուղղակի սրելու համար էր բերել (Տեսանյութ)
Օրերս ՀԱԿ գրասենյակ ներխուժած ու դանակով սպառնացած անձնավորությունը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Արսեն Օհանյանն է: Վերջինս պատճառաբանել է իր կատարած քայլը հետևյալ կերպ.
«Այդ օրը ես եկել էի Երևան, որ Լևոն Զուրաբյանին տեսնեմ: Ինքը հեռուստատեսությամբ շատ վատ էր խոսել մեր կառավարության ու վարչապետի մասին: Ես էլ ուզում էի նրանից ճշտեի, թե ինչու է նման բաներ ասել: Դանակներն էլ պատահաբար են մոտս եղել: Ես դրանք ուղղակի բերել էի, որ Երևանում` հրապարակի մոտ սրեի»,- հարցաքննության ժամանակ ասել է Ա. Օհանյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կոնգրեսի գրասենյակում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ, մոտ 50-55 տարեկան մի տղամարդ մտնելով հիշյալ հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ՝ սպանության սպառնալիքներ է տվել:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպառնալիքներ տված անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Արսեն Օհանյանն է:
Այսօր ժամը 1.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ: