Նոյեմբերի 3-ին Կամերային Երաժշտության Տանը ելույթ կունենա Սոֆյա Մելիքյանը
02/11/2013 18:00

Նոյեմբերի 3-ին Կամերային Երաժշտության Տանը ելույթ կունենա Սոֆյա Մելիքյանը

«Արվեստների Պատկերասրահ» մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտության Յոթերորդ Փառատոնը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական հոգածության և աջակցության շնորհիվ, արդեն ավանդական դարձած Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:

Նոյեմբերի 3-ին, ժ.19.00-ին, Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը տեղի կունենա տաղանդաշատ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի մենահամերգը /դաշնամուր, ԱՄՆ/:
Ծրագրում ընդգրկված են տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների` «Ֆանտազիա» ոճում գրված ստեղծագործությունները:

Հայտնի իր հոյակապ նվագով և նուրբ գեղարվեստական ճշգրտությամբ` Հայաստանում ծնված դաշնակահար Սոֆյա Մելիքյանը ճանաչված է որպես յուրահատուկ ձայնով արտիստ: Սովորել է Գալինա Եղիազարովայի, Ելենա Թաթուլյանի և Բրիջիթ Էնջերերի մոտ, այնուհետև գերազանց առաջադիմությամբ ավարտել է Մադրիդի Կոնսերվատորիան (Խոակին Սորիանոյի դաս.), Փարիզի Երաժշտության Բարձրագույն դպրոցը (Ռամզի Յասսայի դաս.), Մանհեթթենի Երաժշտական դպրոցը (Սոլոմոն Միկովսկու դաս.):

Մինչ օրս Մելիքյանը շրջագայել է Եվրոպայում, Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում: Հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Իսպանիայի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի, Կորդոբայի նվագախմբի, Վալենսիայի սիմֆոնիկ նվագախմբի, Անդալուսիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ նվագախմբերի նվագակցությամբ: Վերջերս համերգներով հանդես է եկել Նյու Յորքի Կարնեգիի Ուեիլ դահլիճում, Սանտանդերի Փառատոների պալատում, Մադրիդի Մոնումենտալ թատրոնում, Օսակայի Իզումի դահլիճում, Փարիզի «Salle Cortot»-ում, Նյու Յորքի «Dweck Center»-ում:

Նրա կատարումները հեռարձակվել են Իսպանիայի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ, Չիկագոյի WQXR ռադիոալիքով, «Mezzo» ֆրանսիական հեռուստաալիքով և այլն:

Թողարկել է 2 ձայնասկավառակ` կատարելով Հայդնի, Շումանի, Ռախմանինովի, Ալբենիսի, Դյութիոյի և Խաչատրյանի ստեղծագործությունները:
 

Նոյեմբերի 3-ին Կամերային Երաժշտության Տանը ելույթ կունենա Սոֆյա Մելիքյանը