«Քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, պատերազմը կարող սկսվել»
02/11/2013 17:37

«Քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, պատերազմը կարող սկսվել»

Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:

Իրանի դեսպանը, ադրբեջանական «Իրավունք և ազատություն» ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև առկա հակամարտությանը և այդ համատեքստում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությանը, մասնավորապես պատասխանել է. «Քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, հավանականություն կա, որ պատերազմը կարող է վերսկսվել: Տարածաշրջանում անվտանգության խաթարումը Իրանի համար վտանգ է ներկայացնում: Իրանը և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ ցամաքային սահման ունի, հետևաբար անվտանգության հաստատումը բխում է Իրանի շահերից: Վերջին շրջանում թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի սպառազինության ավելացումը պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացնում է»:

Ադրբեջանում Իրանի դեսպանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործում Իրանի մասնակցության հավանականությանը, մասնավորապես նշել է. «Մենք պատրաստ ենք աջակցել խնդրի կարգավորմանը: Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ առաջարկությունների հատուկ փաթեթ ունի մշակած: Եթե հակամարտող կողմերը Իրանի միջնորդական առաքելությունը ընդունեն, ապա Թեհրանը կհրապարակի իր առաջարկությունները»:

Այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման վրա ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը, դեսպան Փաք Այինը պատասխանել է. «Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը կնպաստի ոչ միայն ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլև աշխարհում անվտանգության հաստատման գործին»: 

«Քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, պատերազմը կարող սկսվել»