Զանգվածային հոսանքազրկման պատճառը մեկուսացումն էր Իրանի էներգահամակարգից
02/11/2013 13:58

Զանգվածային հոսանքազրկման պատճառը մեկուսացումն էր Իրանի էներգահամակարգից

Հայաստանում զանգվածային հոսանքազրկման պատճառը մեկուսացումն էր Իրանի էներգամակարգից: Այս մասին Aysor.am-ին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Հարությունյանը:

Նա տեղեկացրեց՝ քանի որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ին դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից` վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության միջոցառումների ներդրման համար, այս օրերին Իրանից Հայաստան էր ներկրվում 198 մգվտ էլեկտրաէներգիա: Հանրապետության էներգահամակարգի մեկուսացման արդյունքում համակարգի հաճախականությունը իջել էր մինչև 45 հերց, որի պատճառով էլ տեղի ունեցան հոսանքազրկումներ: Ժամը 10:24 տեղի ունեցած խափանումը 10:26 րոպեին արդեն վերականգնվել էր: Ժամը 11:30-ին վերականգնվել է հանրապետության էլեկտրաէներգիա սպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը:

«Այս պահին շարունակվում են աշխատանքները մյուս սպառողների էլեկտրամատակարարումը ևս վերականգնելու համար: Միաժամանակ ընթանում է նաև մասնագիտական քննություն` կատարվածի պատճառները պարզելու և հետագայում նման խնդիրներից խուսափելու համար»,-ասաց նա:

Նախորդող հրապարակումներ՝ ԱԻՆ աշխատակից. Հոսանքազրկման պատճառով ոչ մի արտակարգ դեպք չունենք

Հոսանքազրկման ծավալների մասին առաջիկա մեկ ժամում կտրվի պարզաբանում
 

Զանգվածային հոսանքազրկման պատճառը մեկուսացումն էր Իրանի էներգահամակարգից