Տարոն Մարգարյան. Ուղեվարձի թանկացումն անխուսափելի է
02/11/2013 12:01

Տարոն Մարգարյան. Ուղեվարձի թանկացումն անխուսափելի է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի բացառում, որ տրանսպորտի գինը կբարձրանա: Երեկ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո քաղաքապետը զրուցել է Yerkir.am-ի հետ:

Հարցին` թանկացումն անխուսափելի է՞, քաղաքապետը պատասխանել է. «Եթե մենք ուզում ենք անվտանգ երթևեկություն և որակյալ սպասարկում ապահովել, այո՛, այս սակագնով հնարավոր չէ դա իրականացնել»:

Մարգարյանը հայտնել է նաև, որ տրանսպորտի սակագնի վերանայման հարցով ստեղծված հանձնաժողովի նիստերը բաց են լուսաբանման համար և, հետևելով դրա աշխատանքներին, կարող ենք տեղեկանալ, թե երբ կհրապարակվի ուղեվարձի գինը: Նա նշել է, որ հիմա հանձնաժողովի անդամները փուլ առ փուլ քննարկում են, թե սակագինը ինչ չափի կլինի, և երբ քննարկումներն ավարտվեն, երբ հանձնաժողովն իր վերջնական արդյունքը ներկայացնի, այն ժամանակ էլ ինքն իր գնահատականը կտա:

«Ինձ համար առաջնահերթը երևանցու անվտանգ և որակյալ երթևեկությունն է: Իսկ թե ինչ սակագնով կկարողանանք ապահովել, կորոշի հանձնաժողովը»,- ասալ է քաղաքապետը:

 Տարոն Մարգարյանն ասել է այնքան էլ չի վախենում քաղաքացիների ընդվզումից: «Վախենալ-չվախենալու խնդիրը չի, մենք պետք է մտածենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա մասին: Եթե տրանսպորտի խնդրի լուծումը չտանք, ապա երկու տարի հետո Երևան քաղաքում տրանսպորտ չի լինի: Թող շատերը հիշեն 90-ական թթ. սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին: Ու քանի որ այսօր քաղաքային իշխանության պատասխանատուն մենք ենք, ապա պետք է մտածենք վաղվա օրվա մասին: Ինձ համար կարևորը երևանցիների անվտանգություն է, իսկ այսօր ես չեմ համարում, որ երևանցին անվտանգ է երթևեկում: Իրականում բոլորս ենք տեսնում, որ մեր տրանսպորտը վտանգավոր վիճակում է գտնվում»,- ընդգծել է քաղաքապետը:

Դիտարկմանը, թե` նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որոշումը ստացե՞լ է, Տարոն Մարգարյանը պատասխանել է. «Սա քաղաքային իշխանության լուծելու խնդիրն է, դրա համար հանձնաժողով ենք ստեղծել ու մենք ինքնուրույն մեր աշխատանքները կատարում ենք»:

Հիշեցնենք, որ հուլիսին քաղաքապետարանը հայտարարել էր հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գնի բարձրացման մասին, երթուղայիններն ու ավտոբուսները դարձնելով 150, տրոլեյբուսները՝ 100 դրամ: Դրանից հետո մայրաքաղաքում բողոքի մեծ ալիք էր բարձրացել: Երիտասարդները քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ էին կազմակերպում՝ կոչ անելով չվճարել 150 դրամ:

Հուլիսի 25-ին քաղաքապետը ստիպված եղավ հայտարարել, որ 150 դրամ վճարելու մասին որոշումը ժամանակավորապես կասեցվում է և ստեղծվում է հանձնաժողով, որը պետք է քննարկի հարցը:

Սեպտեմբերի 24-ին Տարոն Մարգարյանը ստորագրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի ձևավորվման հարցով զբաղվող հանձնաժողովի ստեղծման որոշումը: Հանձնաժողովը աշխատանքներն սկսել է սեպտեմբերի 27-ին

Տարոն Մարգարյան. Ուղեվարձի թանկացումն անխուսափելի է