.jpg)
Վիճաբանություն և ծեծկռտուք` զինվորական հոսպիտալում
Լրագրող Մհեր Ղալեչյանն իր Facebook-յան էջում գրում է.
««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ-որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:
Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:
ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս:
Ես ուղղակի չգիտեմ, ինչ է եղել, բայց գոնե այս եղանակով լուրը տարածվի, միգուցե ՊՆ-ն ինչ որ բացատրություն տա, պարզաբանի: Բոլոր ականատեսներին մտահոգում է, թե ինչ եղավ այդ զինվորների հետ»:
Րոպեներ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց տեղի ունեցածին. «Այսօր երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են և իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»: