Շենավան գյուղի անչափահաս բնակիչները փորձել են աղջիկ փախցնել
04/11/2013 18:10

Շենավան գյուղի անչափահաս բնակիչները փորձել են աղջիկ փախցնել

Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ 3 տղաները փորձել են աղջիկ փախցնել, սակայն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին բերման են ենթարկվել: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

1995 թ. ծնված Ջոնիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 16-ին, նախնական համաձայնության գալով Արագածոտնի մարզի Շենավան գյուղի անչափահաս բնակիչներ 1997թ. ծնված Նարեկ Հովհաննիսյանի և 1996 թ. ծնված Գեղամ Հակոբյանի հետ, հաստատապես իմանալով, որ Նարինե Գալստյանը (անունը փոխված է) անչափահաս է, առևանգելու միջոցով նրա հետ ամուսնանալու նպատակով, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են Ս. Գրիգորյանի վարած տաքսի ավտոմեքենան և փորձել առևանգել, սակայն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին բերման են ենթարկվել:

Անչափահաս` ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ Ջոնիկ Հովհաննիսյանը շուրջ մեկ տարի սիրել է իրենց գյուղի բնակչուհի, իր համադասարանցի, գործով անչափահաս տուժող Ն. Գալստյանին: 2012 թ. ընթացքում, շուրջ 8 ամիս, Ջոնիկ Հովհաննիսյանը և Ն. Գալստյանը ընկերություն են արել, սակայն հետո բաժանվել են: Չնայած դրան Ջոնիկ Հովհաննիսյանը ցանկացել է շարունակել իր կապը Ն. Գալստյանի հետ, որին վերջինս դեմ է եղել: Ջոնիկ Հովհաննիսյանը, ամուսնության նպատակով, հաստատապես իմանալով, որ Ն. Գալստյանն անչափահաս է, նրան առևանգելու հարցում նախնական համաձայնության գալով անչափահասներ Ն. Հովհաննիսյանի և Գ. Հակոբյանի հետ, որոշել են առևանգել Ն. Գալստյանին:

Այդ նպատակով 2013 թ. մարտի 15-ին թվականին Ն. Հոհաննիսյանը զանգահարել է իր քեռու տղային և նրան ասել, որ Ջ. Հովհաննիսյանի համար աղջիկ են ուզում փախցնել և դրա համար նրանց ծանոթ տաքսու վարորդ է հարկավոր: Վերջինս, Ջ. Հովհաննիսյանից ճշտելով, որ աղջիկը համաձայն է և լրացել է նրա 18 տարին, զանգահարել է իր ծանոթ տաքսու վարորդ Ս. Գրիգորյանին և այդ մասին հայտնել նրան: Սկզբում Ս. Գրիգորյանը չի համաձայնել, ապա իմանալով, որ աղջիկը չափահաս է և համաձայն է համաձայնել է: Դրանից հետո նա Ս. Գրիգորյանին ասել է, որ հաջորդ օրը, առավոտյան ժամը 08:00-ին մեքենայով լինի ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան գյուղի խաչմերուկում:

2013թ. մարտի 16-ին, առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում Ս. Գրիգորյանն իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հասել է Շենավան գյուղի խաչմերուկի մոտ գտնվող գազալցակայան, որտեղ նրա մեքենան են նստել Ջոնիկ և Նարեկ Հովհաննիսյանները, որից հետո Ս. Գրիգորյանը մեքենան վարել է դեպի Շենավան գյուղ: Գյուղի մեջ նրանց է միացել նաև Գեղամ Հակոբյանը: Մեքենայի մեջ Նարեկ Հովհաննիսյանը նստել է վարորդի կողքի նստատեղին, իսկ Ջոնիկ Հովհաննիսյանը և Գեղամ Հակոբյանը հետևի նստատեղին: Գեղամ Հակոբյանը Ջոնիկ Հովհաննիսյանին և Նարեկ Հովհաննիսյանին հայտնել է, որ Ն. Գալստյանին հանդիպել է առավոտյան և որ նա դպրոց գնալու փոխարեն դեպի տուն է վերադարձել:

Գյուղամիջյան ճանապարհով մի փոքր գնալուց հետո նրանք նկատել են ճանապարհով քայլող Ն. Գալստյանին: Դրանից հետո Ս. Գրիգորյանը շրջադարձ է կատարել և մեքենան կանգնեցրել Ն. Գալստյանի մոտ: Նախնական պայմանավորվածության համաձայն Նարեկ Հովհաննիսյանը և Գեղամ Հակոբյանը իջել են մեքենայից, որից հետո Նարեկ Հովհաննիսյանը հետևից գրկելով Ն. Գալստյանին, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ ցանկացել է նստեցնել մեքենան, Գեղամ Հակոբյանն օգնել է նրան` քաշելով Ն. Գալստյանի ձեռքերից, իսկ երբ Ն. Գալստյանին մոտեցրել են մեքենայի դռանը, Ջոնիկ Հովհաննիսյանը մեքենայի միջից քաշել է Ն. Գալստյանին դեպի ներս: Այդ ընթացքում Ն. Գալստյանը փորձել է ազատվել Նարեկ Հովհաննիսյանից և Գեղամ Հակոբյանից, թափահարել է ձեռքերը, գոռացել: Հետո Նարեկ Հովհաննիսյանը նստել է մեքենան` վարորդի կողքի նստատեղին, իսկ Գեղամ Հակոբյանը հետևի նստատեղին:

Երբ Ն. Գալստյանին նստեցրել են մեքենան, Ս. Գրիգորյանը մեքենան վարել է գյուղից դուրս տանող ճանապարհով: Առևանգման պահին գյուղամիջյան ճանապարհին մոտ կանգնած նույն գյուղի բնակիչ գործով վկա Արծրունի Մովսիսյանը, նկատելով Ս. Գրիգորյանի վարած մեքենան և մեքենայի միջից աղջկա օգնություն կանչող ձայն լսելով ձայն է տվել իր տղային և իր քրոջ տղային և երեքով փորձել են կանգնեցնել Ս. Գրիգորյանի վարած մեքենան` փակելով մեքենայի ճանապարհը: Այդ ընթացքում ձեռքով հարվածել են մեքենայի դիմապակուն և կոտրել այն:

Չնայած դրան Ս. Գրիգորյանը չի կանգնեցրել մեքենան և շարունակել է այն վարել գյուղից դուրս` դեպի Երևան քաղաք տանող ավտոճանապարհ: Ճանապարհին Ն. Գալստյանը գոռացել է, խնդրել է կանգնեցնել մեքենան և մի քանի անգամ Ս. Գրիգորյանին ասել, որ իրենք բոլորն էլ անչափահաս են, սակայն վերջինս չի կանգնեցրել մեքենան: Տեղեկանալով դեպքի մասին, Ն. Գալստյանի եղբայրը զանգահարել է իրենց բարեկամ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի տեսուչ Սիրակ Ժորժիկի Մինասյանին և հայտնել, որ իր քրոջն առևանգել են:

Որոշ ժամանակ անց այդ մեքենան և դրա մեջ գտնվող անձինք ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել են Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, որտեղից բերման են ենթարկվել Աշտարակի ոստիկանության բաժին, և Ջոնիկ Ցոլակի Հովհաննիսյանը, Նարեկ Ռոբերտի Հովհաննիսյանը և Գեղամ Սանասարի Հակոբյանը հանցագործությունն իր ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում: 

Ապարանի ընդհանուր իրավասության դատարանը Ջոնիկ Հովհաննիսյանին, Նարեկ Հովհաննիսյանին և Գեղամ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով, նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով:

 

Շենավան գյուղի անչափահաս բնակիչները փորձել են աղջիկ փախցնել