.jpg)
Կոնտե. «Ռեալի» հետ հանդիպումը որոշիչ կլինի»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը որոշիչ կլինի իր թիմի համար: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած նախորդ տուրի հանդիպումն ավարտվել էր «Արքայական ակումբի»` 2:1 հաշվով տոնած հաղթանակով:
«Բնականաբար, սա մեզ համար որոշիչ հանդիպում է, որից հետո պարզ կդառնա մեր ապագան` Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Մեզ կդիմակայի մի հզոր ակումբ: Անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը:
Պետք է հպարտանալ, որ հնարավորություն ունենք մասնակցելու նման մրցավեճերի: Խաղադաշտում պետք է ապացուցել, որ արժանի ենք հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն: Հակառակ դեպքում մենք առաջինը կշնորհավորենք այն թիմերին, ովքեր առաջ կանցնեն մեզանից և դուրս կգան 1/8 եզրափակիչ:
Անկասկած, «Ռեալը» մահացու հարձակման գիծ ունի, եթե հատկապես մադրիդցիներին իրենց ֆուտբոլը խաղալու հնարավորություն տրվի: Քրիշտիանու Ռոնալդու, Գարետ Բեյլ, Կարիմ Բենզեմա, Անխել Դի Մարիա և սա դեռ բոլորը չէ:
«Արքայական ակումբը» շատ վտանգավոր է, հատկապես երբ ունի ազատ տարածություն: Պետք է շատ զգույշ գործել, խաղալ այնպես, ինչպես դա արեցինք Մադրիդում` միևնույն ժամանակ խուսափելով այն սխալներից, որոնք թույլ տվեցինք այնտեղ: Եվ, իհարկե, օգտվել սեփական հնարավորություններից»,- նշել է Կոնտեն: