Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը
04/11/2013 20:47

Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը

Արդեն երեք ամիս է՝ Մարիամի կյանքը սկսվում է աշխատանքով. Առավոտյան Կարոն գալիս է 911 մակնշմամբ մեքենայով ու նրան, ընկերուհիներին տանում է ԱԻՆ աշխատանքի: Պարզապես նրանց միկրոավտոբուսը այլ կերպ է սարքավորված. Նստարաններ չկան,  ազատ տարածություն է, որտեղ կարող են սայլակներ տեղավորվել. միկրոավտոբուսը սահմանափակ հնարավորություններով ԱԻՆ աշխատակիցների համար է:

Որպեսզի կարողանամ Մարիամի հետ զրուցել, պարզվեց՝ չեմ կարող ո՛չ խմբագրությունում, ո՛չ սրճարանում և ո՛չ էլ քաղաքում մեկ այլ տեղ պայմանավորվել. Մնում է` կա՛մ տանը, կա՛մ աշխատավայրում: Նախընտրեցինք` տանը:

911 միկրոավտոբուս բարձրացա, պարզվեց՝ նստելու տեղ չկա, այսինքն՝ ծալված մեկ-երկու նստատեղեր կային, վարորդը բացեց` տեղավորվեցի: Միկրոավտոբուսում Մարիամն էր սայլակով, ու էլի մի աղջիկ` կրկին սայլակով: Ճանապարհը երկար-երկար գնում էր Շենգավիթ Ներքին, Շենգավիթ Վերին. Ճանապարհներ, որոնցով երբևէ չէի անցել. Նորություն էր՝ ինչպես երթուղայինը: Թվում է՝  գիտես Երևանը, սակայն ոչ ամբողջովին: Ինչևէ: Երկար ճանապարհորդությունն ավարտվեց Ախպարաշենում. Ուղևորներն իջնում են ոչ սովորական ձևով. Մեքենայի հետևում շարժական ոտնակ կա, որն աշխատացնում է վարորդը, աղջիկը սայլակով կանգնում է ոտնակին, այն դանդաղ իջնում է ճանապարհի վրա` դրանից հետո` ուր ուզես:

Տանը Մարիամին սպասում էին, նրան ուղեկցեցին տուն, որը սակայն ինչպես Մարիամը ծիծիաղելով ասաց` հարմարեցված չէր սայլակավորի համար, ինչին ի պատասխանը մայրը շեշտեց, որ տունը կառուցվել է այն ժամանակ, երբ Մարիամն ընդամենը մեկ տարեկան էր և ընտանիքը չգիտեր, ինչ խնդիրներ են իրենց սպասվում ապագայում. Իսկ հիմա չեն կարողանում տունը վերափոխել:

Ի վերջո, Մարիամը բարեհաջող հասավ հյուրասենյակ, նստեց երևի թե արդեն սովորական բազկաթոռին:

Մարիամին ախտորոշել են ԴՑԲ, հենաշարժողական, տարբեր վիրահատություններ է տարել, ու այժմ էլ վախենում է հերթական վիրահատությունից, նախ՝ առանձնապես չի վստահում, հետո էլ՝ վիրահատություններից մեկի ժամանակ մի կերպ են կյանքը փրկել. մտածում է, եթե արտերկրում վիարհատությունը լիներ, գուցե ցանկանար, սակայն այս դեպքում արդեն խոսքը հնարավորությունների մասին:

Արդեն երեք ամիս է՝ աշխատում է ԱԻՆ-ում, մի քանի տարի է երգում է «Փարոս» երգչախմբում: Հյուրախաղերով եղել են Վիեննայում և Բրատիսլավայում:

Սիրով հիշում է Վիեննան, որտեղ յուրաքնաչյուր կենտրոն, տրանսպորտ հարմարեցված էր հաշմանդամություն ունեցողների համար, որևէ խնդիր չի ունեցել որևէ մշակութային օջախ կամ խանութներ այցելելիս:

«Այնտեղ մտածում են մարդկանց մասին, որ նրանք տաքսիների վրա գումար չծախսեն, ավտոբուսները` բոլորը հարմարեցված են հաշմանդմաներին: Իսկ Բրատիսլավայում մի փոքր այլ էր: Շինությունները միայն մասամբ էին հարմարեցված»,- պատմում է նա:

Իսկ Հայաստանի, մասնավորապես մայրաքաղաքի մասին խոսելիս՝ Մարիամը նշեց, որ թեև վերջին տարիներին տեղաշարժ կա, սակայն վիճակը հեռու է բավարար լինելուց. Թեքահարթակներն այնքան անհարմար են, որ հնարավոր է դրանցով տեղաշարժվելու ժամանակ արդեն եղած խնդիրներին մեկն էլ ավելացնես:

«29 տարեկան եմ, ընտանիքում ապրում եմ տատիկիս, մայրիկիս, հայրիկիս, եղբայրներիս ու քրոջս հետ, առանց նրանց կյանքը չեմ պատկերացնում: Ես տարբերություն չեմ զգացել, որ այսպիսին եմ, քանի որ դա գալիս է նաև ընտանիքից»,- պատմում է նա:
Մանկության տարիներին խաղացել է բոլոր մանկական խաղերը, հատկապես պահմտոցին է հիշում, երբ թաքնվում էր, ու հետը որևէ իր թաքցնում, որ իրեն չտեսնեն, ծիծաղում է մանկական հիշողությունների վրա. «Մի քիչ դժվար էր, բայց ստացվում էր»:

Թեև սովորել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցում, սակայն դասերը տանն է պատրաստել, ուսուցչի այցելությունը ապահովված է եղել: Սիրել է մաթեմատիկա, հայ գրականություն, նաև՝ պատմություն, սակայն ուսումը շարունակելու հնարավորություն չի ունեցել, դարձյալ ԲՈՒՀ-երի մուտքերն ու աստիճանները հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Տանը նաև 5 տարի դաշնամուրի դասեր է ստացել, համակարգչին է ծանոթացել. Այժմ և՛ աշխատանք ունի, և՛ երգում է:

«Ես ինքս շատ թեթև մարդ եմ. Կարող է պահ լինի, որ ես ուժ տամ մեկին, խորհուրդ տամ. Երբեմն դժվար իրավիճակ է լինում բոլորի համար էլ: Ես թեթև եմ նայում, ընտանիքիս անդամները նույնպես»,- ասում է Մարիամը: Նա նաև ուրախ է, որ ժամանակի ընթացքում մարդկանց վերաբերմունքն է փոխվել.  «Տեսնում են, ուրախանում, որ հաշմանդամն աշխատում է, տանից դուրս է գալիս, շփվում է: Ինձ համար աշխատանքի անցնելը լավ միջոց էր ինտեգրվելու համար, լավ միջավայր է ԱԻՆ-ում, լավ ընկերներ ունեմ, աշխատակիցները ինձ լավ են ընդունել»:

Հավաքույթներ նշում են, հիմնականում, աշխատավայրում, քանի որ մինչև տուն են հասնում` տևում է մեկ ու կես ժամ, բոլորին մեկ առ մեկ իջեցնում եմ, տուն հասնելուց հետո հանգստանալ է պետք ու քնել, որպեսզի առավոտյան գա Կարոն ու մեքնեայով վերցնի բոլոր ԱԻՆ-աշխատակիցներին` մեկ առ մեկ, ու հասցնի աշխատավայր:

«Չնայած դժվարություններին, չեմ ուզի այլ երկրներում ապրել: Իմ ընտանիքի հետ կապվածությունը հարմարավետության հետ չեմ փոխի»,- անկեղծանում է Մարիամը:

Ամենակարևորը հարցը երիտասարադ աղջկա համար. սիրահարված եղե՞լ ես. Կարմրում է. «Չէ»: Բայց դե հնարավոր չէ սիրահարված չլինես: Հիշում է, որ փոքր տարիքում, երբ Եվպատորիայում բուժվելու էր գնացել` սիրահարվել էր մի ռուս տղայի, բայց դա շատ տարիներ առաջ էր:

Իսկ ուրի՞շ` դարձյալ կարմրում է,  դժվար է երևի հարզատների մոտ անկեղծանալ «Չէ»:

Սիրում է խոհանոցը, սակայն հնարավորություն չունի տան անհարմարությունների պատճառով զբաղվել դրանով. «Ինչով կարողանում եմ` օգնում եմ»:

Մեկ ժամ ճանապարհ, կես ժամ՝ հարցազրույց. Թեթև անցավ: Հարցեր ու պատասխաններ. ամեն ինչ ավարտվեց. Օգնեցի, թե՞ պարզապես իմ գործն արեցի: Միայն մտածում էի, որ չնեղացնեմ նրան. բայց ամեն ինչ հարթ անցավ. Ես գործս ավարտեցի, իսկ Մարիամը` մնաց իր կյանքի հետ: Մարիամը, ինչպես վստահեցրեց, թեթև մարդ է, օգնում է ծանր վիճակում գտնվողներին և ուժ տալիս. Այլոց օգնելով` օգնում է նաև իրեն, քանի որ սահմանափակ հնարավորություններ ասվածը շատ հարաբերական է, իսկ Մարիամը գտել է կյանքի իր իմաստը` պարզապես ապրելով իր կյանքով, մնացածը Աստծո գործն է:

Հ.Գ. Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկայումս աշխատում է 26 հատուկ կարիքներ ունեցող անձինք, նախատեվսում է նրանց թիվն ավելացնել, նաև՝ մարզերում:

Aysor.am-ին ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նրանք աշխատում են 911 և Ճգնաժամային կենտրոնում: ԱԻՆ-ին հատկացվել է երկու հատուկ միկրոավտոբուսներ աշխատանքի և սոցապ նախարարության կողմից, մեկը` բարերար է տրամադրել. մեկ միկորավտոբուսը տեղափոխում է 6-7 հաշմանդամի:

Նախարարը տարբերություն դնո՞ւմ է հատուկ կարիքներ ունեցող և ԱԻՆ մյուս աշխատակցիների միջև, պազվեց՝ ոչ. «Տարբերություն չկա բացարձակ, եթե տեսնում եմ մի բան սխալ է` դիտողություն եմ անում, եթե դիտողություն չանեմ` իրեն կդնեմ հիվանդի տեղ. իրենք էլ դիտողությունն ընդունում են»:
 

ԱԻՆ նախ բարձր պահանջներ էր ներկայացրել նոր աշխատակցիներին, հետո հասկանալով, որ նրանք մեղավոր չեն, որ չեն կարողացել կրթություն ստանալ` պահանջները մեղմվել են: «Այսօր իրենք մյուսներին ենք սովորեցնում: Փրկարարի տոնի կապակցությամբ պարում-երգում էին, այստեղ մեկ ուրիշ կյանք է նրանց համար. մյուս գերատեսչություններ պետք է գնան այս ճանապարհով»:

Նախորդող հրապարակումներ՝ Մի մարդու պատմություն. Մարգո. Աստծու տվածով գոհացող կինը

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը

Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը