ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում
05/11/2013 21:39

ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում

Մասնագիտությունը` Զինվոր. Հետախույզ-դիպուկահար

Նոյեմբերի 5-ին ՀՀ Զինված ուժերում նշվում է հետախուզության օրը: «Մասնագիտությունը` Զինվոր» շարքի այսօրվա հերոսը ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորքերից է:

Ս.Պ, 32 տարեկան, հետախույզ-դիպուկահար

«Չէ, չեմ ասում քարից եմ…»

«Զինվորականի մասնագիտությունը սիրել եմ դեռ մանկուց: Ֆիլմերից, գրքերից հատկապես հետախուզությամբ եմ հետաքրքրվել»,- պատմում է Ս.Պ.-ն, երբ հետաքրքրվում եմ, ինչպես է հայտնվել հետախուզությունում:

«Առհասարակ ինձ շատ են ասում, որ գաղտնապահ եմ: Քաղաքացիական կյանքում էլ միշտ սիրել եմ ամեն բան գաղտնի ու քողարկված անել, ցուցադրական բաներ չեմ սիրում: Բացի այդ, սովոր եմ` ոչ մի խնդրի, ոչ մի դժվարության առաջ նահանջել չի կարելի»,- ժպտալով պատմում է Ս.Պ.-ն ու ավելացնում.

«Չէ, չեմ ասում քարից եմ: Լինում են, իհարկե, հիասթափություններ, ընկճվածություն: 7 տարի է` հետախուզությունում եմ, բայց դեռ չի եղել այնպես, որ մի բանից կոտրվեմ ու թողնեմ գործս…Հուսամ չի էլ լինի երբևէ նման դեպք»:

«Կյանքում ամենաշատը վախենալուց եմ վախենում»

7 տարվա փորձ ունեցող հետախույզը բազմաթիվ մարտական գործողությունների է մասնակցել: Հարցնում եմ` 7 տարվա մեջ, վախ եղե՞լ է երբևէ.

«Իհարկե, չեմ ստի, չեմ ասի` չի եղել: Վախը գիտե՞ք, տարօրինակ զգացողություն է: Չգիտես` որ պահին, ինչից կառաջանա: Բայց ամեն դեպքում` վախ, վատ տրամադրություն, դու միշտ շրջանցում ես այդ զգացողությունները»,- ասում է հետախույզն ու բացատրում.

«Երբ մարտական գործողության ես գնում խմբով, գիտես` խմբի մի օղակն ես, ու եթե լինես թույլ օղակ` կտուժի ամբողջ խումբը: Այնպես որ, ամեն հոգս թողնում ես թիկունքում ու` առաջ»:

«Մի բան էլ վախի մասին ասեմ, որ հարցրեցիք: Պիտի խոստովանեմ` ես էս կյանքում ամենաշատը վախենալուց եմ վախենում: Այդ զգացողությունից վախենալու բան չկա ինձ համար…»

«Սկզբունքս սա է` հայրենիքում մի ընտանիք պակաս է, բայց սահմանին` պլյուս մի զինվոր»

Ս.Պ.-ն դեռ չունի սեփական ընտանիք: Ծնողների հետ է ապրում.

«Երբ հետախույզ ես` անձնական կյանքի մասին խոսելը մի քիչ բարդ է: Բայց ամեն դեպքում համոզված եմ` շատ շուտով կունենամ իմ սեփական ամուր ընտանիքը: Իսկ մինչ այդ, իմ սկզբունքը սա է` հայրենիքում մի ընտանիք պակաս է, բայց սահմանին` պլյուս մի զինվոր»,- ասում է հետախույզն ու խոստանում.

«Մի ուրիշ անգամ որ հանդիպենք, կփորձեմ արդեն պատմել անձնական կյանքի ու հետախույզի գործի համատեղության մասին ու անել այնպես, որ և' հայրենիքում մի նոր ընտանիք լինի, և' սահամնից զինվոր չպակասի»:

«Ես ցեխ ու ջրի մարդ եմ: Ասֆալտի հետ գործ չունեմ»

Հետախույզից հետաքրքրվում եմ` եթե ոչ հատուկ նշանակության զորքեր, ապա բանակային ո՞ր ստորաբաժանումում կցանկանար ծառայել: Առանց մտածելու պատասխանում է.

«Հենակետային ցանկացած ծառայություն մեծ սիրով կիրականացնեի: Ես միշտ ասում եմ` ցեխ ու ջրի մարդ եմ: Էս ասֆալտի հետ ես գործ չունեմ: Իմը պոստն է, սահմանը»,- ասաում է Ս.Պ.-ն:

Հիշում է, որ առաջին անգամ սահամնում եղել է, երբ դեռ ժամկետային զինծառայող էր. «Այդ օրվանից էլ հասկացա, որ հենց ընդեղ` խրամատում, հողին կպած է մարդ ազատ շնչում»:

«Ուզում եմ, որ մարդիկ զինվորականին հարգեն»

Ս.Պ.-ին խնդրում եմ, որ հիշի իր ծառայության ընթացքում տեղի ունեցած ամենահետաքրքիր դեպքը: Ծիծաղում է: Պարզվում է` երեք տարի առաջ հենց այս օրն է եղել:

«2009 թվականն էր, էլի նոյեմբերի 5-ը` Հետախույզի օրվան նվիրված ցուցադրական միջոցառմանն էի մասնակցում: Գործընկերներիցս մեկը պետք է դնչիս տակ փայտ դներ, այդպես ինձ բարձրացներ, քցեր գետնին, որ ցուցադրական հարված հասցնեին: Այնպես ստացվեց, որ արագության մեջ փայտը դնչիցս սահեց ու կպավ քթիս: Բայց որ ամբողջ ցուցադրությունը չխափանվի` դիմացա: Ցուցադրությունը նորմալ կատարեցինք, բայց արդյունքում` պարզվեց` քիթս եմ կոտրել: Գիտե՞ք մի տեսակ ցավ էլ չկար: Կարևորը գիտեի, որ լավ ենք ներկայացել»,- ասում է հետախույզն ու խոստովանում, որ 7 տարվա ծառայության ընթացքում իր մոտ ձևավորվել է խիստ զինվորական բնավորություն.

«Օրինակ` հիմա ես էլ չեմ կարոտում: Վերացել է այդ զգացումը: Առաջ կար, հիմա` չէ: Չգիտեմ, վերացել է, կորել է, թե ես եմ մեջս խեղդում, բայց չկա…»:

Հետախույզին հարցնում եմ` հատկապես ի՞նչ խնդրանք, պահանջ ունի քաղաքացիներից, մարդկանցից, ում պաշտպանում է.

«Միայն մի բան` տարրական հարգանք»,- պատասխանում է,- «Հարգանք, որ հիմա վերանում է համազգեստի, մարդու, զինվորականի հանդեպ»:

«Հայաստանի աչքերն ու ականջները լավ տեսնում ու լսում են` հակառակորդը վկա…»

Զգոնություն, աչալրջություն ու ամենակարևորը` գործողության գնալիս հետևում թողնել բոլոր քաղաքացիական խնդիրները: Սա, ըստ Ս.Պ.-ի, լավագույն հետախույզի երեք կարևորագույն հատկանիշներն են.

«Զինծառայողը, հատկապես հետախույզը, ինչ-որ գործողության, սահման ու խրամատ գնալիս պետք է շատ հանգիստ լինի իր թիկունքի համար: Պետք է մոռանա առհասարակ ամեն հոգս, այդ թվում` սոցիալական: Պետք է սոցիալապես զինծառայողին այնպես ապահովեն, որ սահմանում կանգնած իր տան հացի խնդրի մասին չմտածի: Գիտեմ, որ պետությունը սուղ հնարավորություններ ունի ու անում է իսկապես ամեն հնարավորը: Բայց ահա այս հարցում ջանք ու եռանդ խնայել պետք չէ…»,- ասում է Ս.Պ.-ն ու ժպտալով ավելացնում.

«Ավարտելով մեր զրույցը` մի բան ասեմ: Ընդունված է, որ հետախուզությունը երկրի աչքերն ու ականջներն են: Թույլ տվեք վստահեցնեմ մեր հայրենակիցներին` Հայաստանի աչքերն ու ականջները լավ տեսնում ու լավ լսում են` հակառակորդը վկա…»

Նախորդող հրապարակումներ` ՀՀ ԶՈՒ «նվագախմբի տղաները». Մեր թմբուկով զինվորներին դիրք ենք ճանապարհում

Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը


ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին


Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում

ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ

 

 

ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում