.jpg)
ՊՆ. Վերջին ոտնձգություններին արդեն պատասխանել ենք պատժիչ գործողություններով
ՀՀ ԶՈՒ հետախուզությունն իր կատարելագործման ընթացքում այսօր հասել է մի աստիճանի, որ լիարժեք իրականացնում է իր առջև դրված բոլոր խնդիրները: Այս մասին այսօր` Հետախույզի օրվան նվիրված միջացառումներից հետո, «Արզնի» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Նախ և առաջ պետք է ասեմ` մեր հետախուզությունն ունի անցած ճանապարհ: Մենք և ամբողջ աշխարհը գիտի, որ հայ ժողովրդի զավակները մեծ փորձ ունեն համաշխարհային հետախուզության մեջ և այդ ամենը փոխանցվել է նաև այսօրվա մեր հետախույզներին, ովքեր և՛ Արցախյան ազատամարտի, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են բարձր մակարդակով: Ասեմ, որ հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական պատրաստությունը, նրանց գիտելիքները, հմտություններն ու ունակություններն այսօր ձևավորում են նրանց մարտական վարպետության աստիճանը»,- ասաց Սեյրան Օհանյանն ու ավելացրեց` հետախույզները, պիտի ոչ միայն ուժեղ լինեն, այլև` շատ խելոք կերպով պետք է գործեն:
«Ես մեր բոլոր հետախույզներին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և վստահեցնում եմ, որ Զինված ուժերը, նաև իրենց հետախուզական ծառայությամբ, անելու են ամեն ինչ, որ ինչպես այսօր է` մեր երկինքը լինի կապույտ և խաղաղ»:

Լրագորղների խնդրանքով նախարարն անդրադարձավ նաև վերջին օրերին Տավուշի մարզում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմների խախտումներին.
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ` սովորաբար այդ ոտնձգությունները, խախտումները տեղի են ունենում որոշակի քաղաքական իրադարձությունների շրջանակներում: Կարծում եմ, որ այդ իրադարձությունները կապված են Ադրբեջանում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխությունների հետ կամ, միգուցե, զուտ տեղային հրամանատարների որոշումն էր: Ամեն դեպքում` այդ ամենը մենք վերլուծել ենք ու համապատասխան պատժիչ միջոցառումներն արդեն իրականացրել ենք և այդպես էլ շարունակվելու է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարն անդրադարձավ նաև 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի հնարավոր ոտնձգության դեպքում ռազմաբազան կարող է մասնակցել ռազմական գործողություններին.
«Ռուսաստանի հետ մենք ունենք մեր անվտանգության ապահովման համապատասխան կարևոր համաձայնությունները, փաստաթղթերը, որոնց շրջանակներում էլ իրենք գործելու են»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Զինված ուժերում նշվում է Հետախույզի օրը: Հայկական առաջին հետախուզական ստորաբաժանումները ձևավորվել են 1992թ.-ին: