Դեսպան. Գյանջավին պարսկալեզու բանաստեղծ է, որը ծնվել է Իրանի Ղոմ քաղաքում
06/11/2013 18:56

Դեսպան. Գյանջավին պարսկալեզու բանաստեղծ է, որը ծնվել է Իրանի Ղոմ քաղաքում

Ճիշտ չէ, որ Ադրբեջանի Հանրապետությունում ընդդիմանում են պարսկերենին: Այդ մասին, Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ,  հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:

Իրանի դեսպանը ադրբեջանական «Հաֆթե Իչի» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով մշակութային մի շարք հարցերի շուրջ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում առկա տարաձայնություններին, մասնավորապես նշել է. «Նիզամի Գյանջավին պարսկալեզու բանաստեղծ է. Ինչպես իր բանաստեղծություններից մեկում է ասվում, նա ծնվել է Իրանի Ղոմ քաղաքի շրջակայքում գտնվող Ղահեսթան գյուղում: Սակայն նա թաղված է Ադրբեջանի Գյանջա քաղաքում: Ճիշտ չէ, որ Ադրբեջանի Հանրապետությունում ընդդիմանում են պարսկերեն լեզվին»:

Շարունակելով թեման՝ դեսպան Փաք Այինը հավելում է. «Պարսկերենը Իրանի ժողովրդի լեզուն է. Ֆիզուլիի բանաստեղծությունների մի մասը արաբերենով է գրված, մի՞թե Ադրբեջանում արաբերեն լեզվին ընդդիմանում են»:

Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:

Հիշեցնենք, որ Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Ալի Ջաննաթին, օրերս անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծություններն ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը, նշել է. «Կարճամիտ տարրերը, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակութային արժեքները, պարսից լեզուն և գրականությունը, չեն հասնի իրենց նպատակին»: 

Դեսպան. Գյանջավին պարսկալեզու բանաստեղծ է, որը ծնվել է Իրանի Ղոմ քաղաքում