Իրանը հնարավոր է «5+1 խմբի» հետ միջուկային հարցում համաձայնություն գա
06/11/2013 14:52

Իրանը հնարավոր է «5+1 խմբի» հետ միջուկային հարցում համաձայնություն գա

Առաջիկայում հնարավոր է, որ «5+1 խմբի» հետ միջուկային հարցում համաձայնություն ձեռք բերվի: Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նախօրեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Փարիզ, իսկ նոյեմբերի 7-8-ը Ժնևում պետք է տեղի ունենա Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ ունեցած հանդիպումից հետ «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին, մասնավորապես նշել է. «Հնարավոր է, որ այս շաբաթ «5+1 խմբի» հետ կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնություն ձեռք բերվի, սակայն, եթե այս շրջափուլում էլ համաձայնություն ձեռք չբերվի, ոչ մի աղետ տեղի չի ունենա. Դեռևս շատ աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացվեն»:

Իրանի ԱԳ նախարարը, շարունակելով թեման՝ հավելել է. «Նախորդ հանդիպումների ընթացքում մեծ առաջընթաց ենք ունեցել, անհրաժեշտ է, որպեսզի այլ քայլեր ևս ձեռնարկենք. մենք պատրաստ ենք Ժնևում դրանք իրականացնել»:

Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» առաջին հանդիպումը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 16-17-ը Ժնևում. Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը՝ կրկին Ժնևում: 

Իրանը հնարավոր է «5+1 խմբի» հետ միջուկային հարցում համաձայնություն գա