.jpg)
ԵԱՀԿ ՄԽ. Ռազմական գործողությունները կդիտվեն խաղաղ գործընթացը խափանելու փորձ
«Ռազմական գործողությունները, մասնավորապես այս պահին, կարող են դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացը խափանելու փորձ»,- տարածաշրջանային այցից հետո հանդես եկած համատեղ հայտարարությամբ նման զգուշացում են արել ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով` Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք` ԱՄՆ, Ժակ Ֆորին` Ֆրանսիա) :
Նախօրեին Երևանում ունեցած հանդիպումներից հետո ամփոփելով իրենց տարածաշրջանային այցը` միջնորդները հրապարակել են հայտարարություն:
Տեղեկացնելով իրենց այցի և ունեցած հանդիպումների մասին` համանախագահները նշում են, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար կարևորություն ներկայացնող հարցեր:
«Նախագահները վերահաստատեցին 2013 թվականի նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը` կարգավորման գործում իրենց դիրքորոշումները հստակեցնելու և առաջ շարժվելու ուղին քննարկելու համար: Համանախագահները շարունակում են աշխատանքներն առաջիկա գագաթաժողովը կազմակերպելու ուղղությամբ: Համանախագահները կողմերին կոչ են անում տեղերում, ինչպես նաև իրենց հրապարակային հայտարարություններում զուսպ լինել»,- ասված է հայտարարության մեջ: