Տարածաշրջանային բլոգ. Թուրքիան պատրաստ է, հակահայկական բյուջեն բաշխված է
06/11/2013 18:04

Տարածաշրջանային բլոգ. Թուրքիան պատրաստ է, հակահայկական բյուջեն բաշխված է

Պաշտոնական Անկարան և գիտական ու պետական հաստատություններն ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են 2015 թ. ընդառաջ: Այս առումով մոբիլիզացման մեջ է ոչ միայն թուրքական դիվանագիտական կորպուսը, այլև պետական ու մասնավոր հատվածի բազմաթիվ կառույցներ ու հաստատություններ, որոնք գործում են ոչ միայն Թուրքիայում, այլև մի շարք երկրներում:

Թուրքիայում, այսպես կոչված, գիտական-հետազոտական ոլորտը համակարգում է Թուրքական պատմագիտական ընկերությունը, որը 2015 թ. ընդառաջ ակտիվ նախաձեռնությունների մեջ է: Դրանցից են թուրք-հայկական հարաբերությունների վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված «վավերագրական» ֆիլմերի ու տարբեր «փաստագրական-հետազոտական» աշխատանքների հրապարակումները մինչև 2015 թ.:

Մասնավորապես՝ արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները տարբեր, այդ թվում՝ օտարերկրյա հետազոտողների կողմից հայ-թուրքական հարաբերությունների պատմական ողջ ժամանակաշրջանի ամփոփումը համապարփակ աշխատությունների ձեռնարկով: Ընթացքի մեջ է «Թուրք-հայկական հարաբերությունների աշխատությունների հավաքածու նախագիծը», որը նախատեսված է ավարտել 2015 թ. ընդառաջ:

Ի դեպ, այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ պայքարի ու 2015 թ. ընդառաջ Անկարայի գործողությունների մասին է խոսել Թուրքիայի փոխվարչապետ Բ. Արընչը Թուրքիայի խորհրդարանի բյուջետային ու պլանավորման հանձնաժողովի նիստի ժամանակ: Նա հայտարարել է, որ տարվում են հատուկ աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության պնդումների դեմ, որոնք կարող են ազդեցիկ լինել ամբողջ աշխարհի երկրների հանրային դիվանագիտության տեսանկյունից՝ ավելացնելով, որ վարչապետի գրասենյակում հատուկ մի կառույց զբաղվում է հենց այդ աշխատանքների համակարգմամբ:

Խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում քննարկվել է մի շարք կառույցների բյուջեների հաստատման հարցը, որի շրջանակներում էլ փոխվարչապետը պատասխանել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ Թուրքիայի քայլերին ու այդ հարցում որոշ կառույցների ֆինանսական հատկացումներին: Մասնավորապես՝ այդ գործում ակտիվություն են ապահովելու Թուրքիայի Տպագրահրատարակչության ու տեղեկատվության գլխավոր տնօրինությունը, Աթաթյուրքի մշակույթի, լեզվի ու պատմության բարձրագույն կազմակերպությունը, Աթաթյուրքի ուսումնասիրությունների կենտրոնը, Աթաթյուրքի մշակութային կենտրոնը, Թուրքական լեզվաբանության կենտրոնը, Թուրքական պատմագիտական ընկերությունը, Ռադիո-հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը և այլն, որոնք պետական բյուջեից ստացած իրենց հատկացումներում առանձին կետ ունեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի համար: 

Տարածաշրջանային բլոգ. Թուրքիան պատրաստ է, հակահայկական բյուջեն բաշխված է