Աշոտյանն աշխատանքային այցով Մոսկվայում է
07/11/2013 16:43

Աշոտյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր:

Քննարկելով ապագա մասնաճյուղի կրթական և գիտական գործունեության հեռանկարները՝ կողմերն ընդգծել են, որ այն ոչ միայն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների գիտակրթական կապերի ընդլայնման և զարգացման, այլև հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկու հասարակությունների մերձեցման համար:

Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու խնդիրները, այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև միասնական կրթական տարածքի ձևավորմանը:

Ակադեմիկոս Վ. Սադովնիչին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ կրթական և գիտական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայի պետական համալսարանը պատրաստ է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթության կազմակերպումը Հայաստանում:

Աշոտյանն աշխատանքային այցով Մոսկվայում է