.jpg)
Բանաձևն ընդունված է. Աշխարհում պետք է թևածի խաղաղությունը
ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի ունեցավ կազմակերպության թվով 68-րդ գլխավոր համաժողովը: Օրակարգի հիմնական թեման Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հաշտության բանաձևի ընդունումն էր, ըստ որի` համաշխարհային գլխավոր մարզահանդեսից յոթ օր առաջ և հետո աշխարհում պետք է թևածի խաղաղությունը:
Ռուսական և հունական կողմերն են պատրաստել փաստաթուղթը, որին համահեղինակ է դարձել 70 երկիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հաշտության կնքման ավանդույթը բխում է դարերի խորքից: Դեռևս հին Հունաստանում խաղերի անցկացման ժամանակ մասնակից երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել մրցավայր գալ ու վերադառնալ անվտանգ: Բարի ավանդույթը ՄՕԿ-ը վերականգնեց 1992 թ.: Մեկ տարի անց այն ստացավ ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) աջակցությունը:
Երկու տարին մեկ անգամ` ձմեռային և ամառային օլիմպիական խաղերից առաջ, կազմակերպիչ երկիրը ներկայացնում է բանաձևի իր տեքստը, որն ընդհանրապես բովանդակում է սպորտի միջոցով մոլորակի վրա երջանիկ կյանքի հաստատումը, օլիմպիական գաղափարների տարածումը և խաղաղության ամրապնդումը:
«Սոչի-2014-ի» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն իր ելույթում նշել է, որ Խաղերի մեկնարկին մնացել է 92 օր: Ռուսաստանը սիրով կընդունի բոլոր հյուրերին և մասնակիցներին: Հեղինակավոր մարզիկներն ու մասնագետները հատուկ պատրաստված հաշտության պատերի վրա կարող են գրել խաղաղության մասին իրենց ցանկությունները:
ՄՕԿ-ի նորընտիր նախագահ Թոմաս Բախը, իր հերթին, նշել է, որ միջազգային օլիմպիական կոմիտեն դեմ է բոյկոտի բոլոր կոչերին: Դրանք հակասում են սպորտի բարոյական ոգուն, աշխարհի խաղաղությանը, մարդկության համերաշխությանը և մարզական համագործակցությանը:
Նյու Յորքում ընդունված հաշտության բանաձևը հոբելյանական է` 10-րդը: