.jpg)
Իրազեկման թերթիկները` կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի հաղթաթուղթ
2-3 տարի առաջ Արմավիրի մարզի երկու համայնքում արձանագրվել էր կարտոֆիլի ցեց, նաև` լոլիկի ցեց հիվանդությունը, արդեն 2012 թ-ին ցեցը հասավ Արարատի մարզ և վարակվածությունը հասավ 42 համայնքի, նաև կարտոֆիլի ցեցի դեպքեր արձանագրվեցին Կոտայքի մարզում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը` ինչպե՞ս է ՍԱՊԾ-ն պայքարում կարտոֆիլի ցեցի դեմ հարցին պատասխանեց, նախ որ կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի համար կան մի շարք միջոցառումներ. կարտոֆիլի ցեցի դեմ կարելի է պայքարել համալիր միջոցառումներով. Քանի որ մեկ միջոցառումով հնարավոր չէ:
Իսկ թե մասնավորապես ինչպես է պայքարել, պատասխանեց, որ կառույցը կազմել է գործողությունների հաջորդական ծրագիր, համալիր միջոցառումներ, տպագրել է տեղեկատվական թերթիկներ, իրազեկել է հանրությանը, իրազեկել է ֆերմերներին: Բացի դա ՍԱՊԾ-ն տպարգրված իրազեկման թերթիկները փակցրել է համայնքապետարանների պատերին, մարդաշատ վայրերում և այլն:
Ա. Նիկոյանի համար կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի վերջին հույսն այն է, որ այն աշխարհի շատ երկրներում չի համարվում «կարանտին վնասատու»:
Իսկ ընդհանրապես գյուղացիներին խորհուրդ է տրվել ցանքաշրջանառություն իրականանցել, ագրոտեխնիկական միջոցառումներ, վարակված տարածքում մի քանի անգամ թունաքիմիկատներ օգտագործել, կարտոֆիլի կանաչ հատվածը հավաքել մինչև բերքահավաք և այլն. Կարտոֆիլի ցեցը, որն արդեն սպառնալի չափերի է հասնում, պետք է դրա դեմ պայքարեն գյուղացիները` զինված ՍԱՊԾ-ի տեղեկատվական թերթիկներով:
Ըստ Ա. Նիկոյանի՝ կարելի է նաև հակացեցային միջոցառումներից հետո կրկին կարտոֆիլ մշակել, սակայն բերքը ավելի նվազ կլինի` 70-80 տոկոս:
Հիշեցնենք, որ ագրոմասնագետները կտրականապես արգելում են վարակված արիալներում մշակել մորմազգիներ` լոլիկ, կարտոֆիլ և այլն, առաջարկում են դրանք փոխարինել այլ մշակաբույսերով:
Իսկ թե բուսասանիտարիայի վարչությանը որքա՞ն գումար է ծախսել ցեցի դեմ պայքարելու համար, Արթուր Նիկոյանը գումարի չափը չհրապարակեց, միայն շեշտեց, որ գումարը ծախսվել է` իրազեկման թերթիկներ են տպել, գործուղվել են մարզեր, ժողովներ են գումարել համայնքներում. պետական գումարները գնացել են գյուղացիների բարձր իրազեկվածությունն ապահովելու համար, իսկ ցեցի «հախից» պիտի գյուղացիներն իրենք գան. արդյունքում ցեցն արդեն Կոտայքի մարզում է:
Թեև Արթուր Նիկոյանը վստահեցրեց, որ աշխարհի շատ երկրներում, նույնիսկ Եվրոմիության երկրներում կարտոֆիլի ցեցը չի համարվում «կարանտին վնասատու», սակայն հայրենի ագրոլրատուներում կարտոֆիլի ցեցը հենց այդպես էլ կոչվում ` «կարանտին վնասատու»:
Ա. Նիկոյանը իրականացված միջոցառումները արդյունավետ գնահատեց, նաև շեշտեց, որ 2012թ-ին ավելի շատ է վնաս տվել կարտոֆիլի ցեցը, քան 2013թ-ին. այս տարի նորմալ բերք են ստացել կարտոֆիլից, իսկ թե այս տարի քանի համայնքում է արձանագրվել կարտոֆիլի ցեցը, Արթուր Նիկոյանը չհստակեցրեց:
Կարտոֆիլի ցեցը (Phthorimaea oherculella Zell) կարտոֆիլի, լոլիկի, տաքդեղի, բադրիջանի, ծխախոտի և մորմազգի այլ մշակաբույսերի կարանտին վնասատուներից է:
Տարածվում է ինչպես թռիչքի, այնպես էլ վնասված կարտոֆիլի պալարների, լոլիկի, տաքդեղի, բադրիջանի պտուղների միջոցով` զարգացման բոլոր փուլերոմ:
Բազմանում է դաշտում և պահեստում: Վարակված պալարները պահեստում կարող են պահպանվող կարտոֆիլի լրիվ ոչնչացման պատճառ դառնալ:
Համարվում է, թե՞ չի համարվում կարանտին վնասատու. անվանումը չի փոխում վնասատուի բուն էությունը` այն կարանտին վնասատու է և կարող է «կարտոֆիլի լրիվ ոչնչացման պատճառ դառնալ»:
Գյուղնախարարությունից փոխանցեցին, որ 2012թ-ին կարտոֆիլի արտադրության ծավալները կազմել են 647 200 տոննա, 2013թ-ի օպերատիվ տվյալներով` 651 000 տոննա, կարտոֆիլի ցնաքատարածությունները 2012թ-ին կազմել են 31 243 հա, իսկ 2013թ-ին` 30 658 հա: Լոլիկի ցանքատարածությունները 2012թ-ին կազմել են 6 260 հա, իսկ 2013թ-ին` 6 250 հա, լոլիկի արտադրությունը 2012թ-ին կազմել է 265 173 տոննա, իսկ օպերատիվ տվյալներով 2013թ-ին լոլիկի արտադրության ծավալները` 260 000 տոննա է: Գյուղնախարարությունից հատկապես լոլիկի արտադրության ծավալների նվազումը պայմանավորեցին Արարատի մարզում լոլիկի ցեցի տարածմամբ:
Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալներով այս տարի կարտոֆիլի ապրանքախմբում 2013թ հոկտեմբերին 2012 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.2%, իսկ 46.1 տոկոս գնաճ գրանցվել է լոլիկի ապրանքախմբում: Իսկ թե որքա՞ն է արտադրված կարտոֆիլի և լոլիկի վարակվածությունը, հատկապես կարտոֆիլի, երևի դժվար է ասել, գուցե միակ հիմնավոր փաստարկը` գնաճն է. կարտոֆիլի մասով խնդիրներ ունենք, լոլիկի մասով` ավելի շատ խնդիրներ, որոնց դեմ ՍԱՊԾ-ն պայքարում է «թղթե շերեփով»: