«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանին ծեծել են Գոգի Չիկովանիի քառասունքին
08/11/2013 19:35

«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանին ծեծել են Գոգի Չիկովանիի քառասունքին

Հայտնի «օրենքով գող» Գոգի Չիկովանիի մահվան քառասուն օրվա հետ կապված Հունաստանում «օրենքով գողերի» մեծ «սխոդկա» է հրավիրվել, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Արարողությունը կազմակերպել էին Դեդ Հասանի կլանը ներկայացնող «օրենքով գողերը» , իսկ Չիկովանիի քառասունքին որոշել է մասնակցել նաև իր չեզոքությամբ աչքի ընկնող «օրենքով գող» Էդիկ Ասատրյանը՝Օսետրինան:

Հիշեցնենք, որ 88 տարեկան հասակում, Թբիլիսիում երկարատև հիվանդությունից հետո մահացած ամենատարեց «օրենքով գողերից» մեկը` Գեորգի Չիկովանին, հուղարկավորվել էր Թբիլիսիի Սաբուրտալինսկիի գերեզմանատանը:

Չիկովանիին վերջին հրաժեշտը տալու համար գերեզմանատուն էին եկել ոչ միայն քրեական աշխարհի վառ ներկայացուցիչներ, այլ նաև քրեական աշխարհից հեռու գտնվող հարյուրավոր մարդիկ:

1926 թ.-ին Թբիլիսիում ծնված Գեորգի Չիկովանին երիտասարդ տարիքում խորհրդային կարգերից փախել է Ֆրանսիա: Սակայն 1945 թ.-ին 19-ամյա Չիկովանիին խորհրդային զորքերը ձերբակալել և հետ են ուղարկել հայրենիք:

Ապագա «օրենքով գողը», վերադառնալով հայրենիք, առաջին անգամ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` հակախորհրդային քարոզչության համար և պատիժը կրել խիստ ռեժիմի կալանավայրում:

Զինված հարձակումները և գողությունները առաջին դատվածությունից հետո ուղեկցել են երիտասարդ Չիկովանիին ողջ կյանքի ընթացքում: 2-րդ անգամ նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Չիկովանին, ով քրեական աշխարհում մեծ հեղինակություն էր վայելում 1970-ական թթ.-ին «օրենքով գող» է կարգվել: 30 տարի անց Գեորգի Չիկովանին դարձել է «ռուսական մաֆիայի» իսկական կնքահայրը:

Մինչև 1990-ական թթ.-ի կեսերը Չիկովանին, ինչպես դա հարիր է մեծ հեղինակություն վայելող «օրենքով գողին», գտնվել է ստվերում: Սակայն ստվերից դուրս գալ նրան ստիպել է «օրենքով գող» հայազգի Ռուդիկ Օգանովի` Ռուդիկ Բակինսկիի և Դեդ Հասանի միջև ծագած հակամարտությունը:

Արարողության ընթացքում Ասատրյանին վիրավորել և սադրել է մեկ այլ «օրենքով գող» ՝Կախա Ջանգվելաձեն, ով իմանալով Ասատրյանի բռնկվող բնավորությունը սադրել է նրան՝ծեծելու նպատակով: Նշվում է, որ լեզվակռիվը ավարտվել է ծեծկռտուքով, որի ընթացքում հաղթող է դուրս եկել ավելի երիտասարդ և ֆիզիկապես ավելի ուժեղ Ջանգվելաձեն:

Ծեծկռտուքին ականատես գողերը նախատել են Կախային այդպիսի ագրեսիվ պահվածքի և «օրենքով գողի» վրա ձեռք բարձրացնելու համար:

Բոլորը իմանալով Էդիկի բնավորությունը և ազդեցությունը գիտակցել են, որ Ջանգվելաձեն ի վերջո ստիպված է լինելու ներողություն խնդրի Էդիկ Ասատրյանից:

Նշենք, որ ծնունդով Թբիլիսիից Էդուարդ Ասատրյանը առաջին անգամ ազատազրկման է դատապարտվել գողության համար դեռևս երիտասարդ տարիքում:

Այդ տարիներին նրան տվել են 2 մականուն` Էդիկ Թիֆլիսկի և Էդիկ Օսետրինա. վերջին մականունը պայմանավորված է նրա ազգանունով` Ասատրյան, ինչպես նաև` կան վարկածներ, որ Ասատրյանը երիտասարդ տարիներին զբաղվել է թանկարժեք ձկնատեսակների մաքսանենգությամբ:

Էդիկ Թիֆլիսկին բազմաթիվ անգամ ձերբակալվել է սպանությունների, առևանգումների և այլ մեղադրանքներով:

Ձերբակալություններից մեկի ժամանակ նա փորձել է դիմադրություն ցուցաբերել իրավապահներին, սակայն ձեռքից վիրավորվել է:

Ասատրյանը, չնայած երիտասարդ տարիքին` նա 45 տարեկան է, կարողացել է ձեռք բերել բավականին մեծ հեղինակություն քրեական աշխարհում, քանի որ հետևել է այդ շրջանակներում գործող հին ավանդույթներին:

Օսետրինան համարվում է Մոսկվայի քրեական աշխարհի ֆինանսիստը և Դեդ Հասանի մերձավորներից մեկը:

Էդուարդ Ասատրյանի որդին` Սերգեյ Ասատրյանը, ով Ռուսաստանի քաղաքացի է, նույնպես քրեական հեղինակություն է` Օսետրինա կրտսեր կամ Սերյոժա Բենթլի մականունով:
 

«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանին ծեծել են Գոգի Չիկովանիի քառասունքին