.jpg)
Գագիկ Ծառուկյան. Ինչ արել եմ` քիչ եմ արել
«Այսօր չկա մի քաղաքացի, որ ասի՝ Գագիկ Ծառուկյանը մի բան ասել է ու չի արել: Դեռ ավելին եմ անելու: Ինչ արել եմ` քիչ եմ արել»: Այսպես այսօր Արարատ քաղաքում, քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքին իր ելույթը սկսեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Արարատի քաղաքապետի ընտրությունը քաշով ինձանից ցածր է, սակայն ես թիմի մարդ եմ: Այսօր մարդիկ կան, որ պաշտոնի համար կարող են ծախել իրենց խիղճը, ազնվությունը, բայց պաշտոնը ժամանակավոր է, հենց պաշտոնից հանեն չեն էլ կարողանալու հարսանիք գնան»,- ասաց Գագիկ Ծառուկյանն ու վստահեցրեց` ԲՀԿ-ն 5000 դրամներով կաշառք չի բաժանում.
«Ես նորից եմ ասում` դուխներդ տեղը, կարևորը ցանկությունն ու ձգտումն է, ձեր խղճի առաջ ազնիվ եղեք և ընտրեք ում ցանկանում եք»:
ԲՀԿ առաջնորդն ընդգծեց` մարդը պաշտոնով հարգանք չի վայելում, այսօր հիմնական խնդիրն այն է, որ պաշտոնը մարդու համար չարչարանք է.
«Կտուժեմ, կկորցնեմ, բայց ձեր հարգանաքը չեմ կորցնի, դրանք սրբության պես պահելու եմ»,- ավարտեց խոսքը Գագիկ Ծառուկյանն ու ևս մեկ անգամ կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել խղճի թելադրանքով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Այս պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը և ԲՀԿ-ական` Սամվել Բարսեղյանը:
Նախորդող հրապարակում` Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն սուտ, անիրականանալի խոստում չի տվել