Իրանը փակել է Ադրբեջանի սահմանային Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետերը
08/11/2013 15:42

Իրանը փակել է Ադրբեջանի սահմանային Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետերը

Ադրբեջանի քայլերին ի պատասխան՝ Իրանը փակել է Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետերը: Այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Նախիջևանի տարածքում Արաքս գետի ափին ամրացման աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ իրանական կողմից կրակ է արձակվել:

Իրանական աղբյուրը, անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը գրում է. «Համաձայն միջազգային նորմերին՝ նման դեպքերում երկու երկրների սահմանապահները պետք է հանդիպեն, որպեսզի լուծեն առկա խնդիրները, սակայն, հակառակ իրանական կողմի խնդրանքին, Ադրբեջանը հրաժարվեց բանակցել իրանական կողմի հետ և, խախտելով երկկողմ համաձայնագրերը, ինչպես նաև Փոլդաշտ բնակավայրում տեղի ունեցած միջադեպը որպես պատրվակ օգտագործելով, փակեց Փոլդաշտ-Շահ Թախթի անցակետը, ինչի հետևանքով իրանցի վարորդները մեծ խնդիրների առջև են կանգնել»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, երկու օր սպասելուց հետո համապատասխան զգուշացում է կատարել և Ադրբեջանի անհասկանալի քայլերին ի պատասխան, փակել է Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետը»,-նշում է իրանական աղբյուրը:

«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ սույն տեղեկատվությունը հաստատել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպանությունը: 

Իրանը փակել է Ադրբեջանի սահմանային Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետերը