«Քենդլի» գործարկմամբ նոր հեռանկարներ կբացվեն Հայաստանի համար
08/11/2013 20:10

«Քենդլի» գործարկմամբ նոր հեռանկարներ կբացվեն Հայաստանի համար

2008 թվականին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում՝ Հայաստանում «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա միջազգային կենտրոն ստեղծելու մասին:

Նախագծի նպատակն էր Հայաստանում ստեղծել առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոն, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր: Արդյունքում՝ կառուցվելու է շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:

«Քենդլ» նախագծի իրագործման ուղիների վերաբերյալ միջազգային փորձագետների հետ կոնստրուկտիվ քննարկումների արդյունքում, ինչպես նաև՝ հաշվի առնելով միջազգային փորձը` 2011թ. առաջարկվեց «Քենդլ» նախագծի փուլային իրագործում: Նախ՝ պետք էր իրագործել համեմատաբար փոքր, իրենից ինքնուրույն գիտական արժեք ներկայացնող, արագացուցչային ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին համապատասխանող և փորձարարական հետազոտությունների հեռանկարային ուղղություններ զարգանող ծրագիր, որն էլ կոչվեց AREAL (Advanced Research Electron Accelerator Laboratory):

««Արեալը» հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի և արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է և գերակա ուղղություն է աշխարհի շատ առաջատար կենտրոնների համար»,- Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը:

«Քենդլ» նախագծի առաջին փուլը` AREAL գծային արագացուցչի շինարարությունը կավարտվի նոյեմբերի վերջին:
Պարոն Հարությունյանը նշեց, որ «Քենդլ» նախագիծը միջազգային սերտ համագործակացության արդյունք է. «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Քենդլ» կենտրոնի ջանքերով 2010-2012 թթ. պաշտոնական բանակցություններ են կայացել և համագործակցության հուշագրեր են կնքվել՝ Ֆրանսիայի Էներգետիկայի դեպարտամենտի, Գերմանիայի Դեյզի արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնի, «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնի, Իտալիայի ELETTRA արագացուցչային կենտրոնի և Չինաստանի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (SINAP) հետ:

«Արեալ» նախագիծն իրագործվել է Գերմանիայի Դեյզի ու Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ: Սարքավորումների 90 տոկոսը նրանց կողմից նվիրատվություն են: Նախագծին խորհրդատվական լուրջ ծառայություններ են մատուցել նաև ռուս, չինացի, ամերիկացի, ֆրանսիացի եւ իտալացի գործընկերները»,- ասաց պարոն Հարությունյանը:

«Քենդլ» նախագիծը փայլուն հնարավորություն է համաշխարհային գիտակրթական տարածքում մեր պետության ուրույն տեղն ու դերակատարումը ձևավորելու գործում: «Քենդլ» և «Արեալ» համալիրիների շահագործումը Հայաստանը կդարձնի աշխարհի ուժեղագույն գիտական տերություններից մեկը, իրավիճակը գիտության ոլորտում կտրուկ կփոխվի: Գիտության որոշ ոլորտներում մենք կդասվենք ամենազարգացած երկրների շարքում»,- նշեց կոմիտեի նախագահը և ավելացրեց. «Ըստ վիճակագրության` աշխարհում այս աղբյուրների նկատմամբ պահանջարկը, բնագավառից կախված, 3-10 անգամ գերազանցում է առկա հնարավորությունները: Բազմաթիվ ոլորտներում լինելով ժամանակակից գիտական հետազոտությունների կատարման հզոր միջոց, ինչպես նաև՝ արդյունաբերական մի շարք գիտատար արդիական ճյուղերի մրցունակությունը ապահովող խթան` այսպիսի կառույցները չափազանց կարևոր դեր են խաղում որպես համակարգածին ենթակառուցվածք:

Այդ իսկ պատճառով «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուր ստեղծելու ծրագիրը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Ունենալով արագացուցիչ՝ Հայաստանը տարածաշրջանում կդառնա գիտության ոլորտում առաջատար երկիր, կապահովի իր ծանրակշիռ տեղը եւ ամուր հիմքերի վրա կդնի գիտատեխնիկական համագործակցությունը զարգացած երկրների հետ»,- ամփոփեց պարոն Հարությունյանը:

Նա կրկին շեշտեց, որ «Քենդլ» ծրագիրը բաղկացած է երկու փուլից` առաջինը «Արեալ» գծային արագացուցչի համալիրի շինարարությունն է ու գործարկումը, իսկ երկրորդը օղակաձև «Քենդլ» սինքրոտրոնային համալիրի շինարությունն է. ԳՊԿ նախագահը հույս հայտնեց, որ այն կսկսվի 2014 թ-ին և կշահագործվի 2018 թ-ից:

«Քենդլի» գործարկմամբ նոր հեռանկարներ կբացվեն Հայաստանի համար