Ալենուշ Տերյան. Իրանի առաջին կին դասախոսը
09/11/2013 16:50

Ալենուշ Տերյան. Իրանի առաջին կին դասախոսը

Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսոր, առաջին արևային ասղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին թեհրանահայ ընտանիքում: Մայրն ուսանել է Շվեյցարիայում, և ֆրանսերենի ուսուցչուհի է եղել, իսկ հայրը՝ գրող, որը կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է՝ որպես Իրանի Սեփահ բանկի տնօրեն: Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին, և ֆրանսերենին: Հայրը նաև Ֆիրդուսու բանաստեղծություններից հայերեն թարգմանություններ ունի, որոնք հրատարկվել են իր «Արիզադի Պոեզիայի Հավաքածո» գրքում (պարսկերեն՝ ديوان اشعار آريزاد):

1947 թվականի մայիսին ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից սկսում աշխատել նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ:

Տերյանը փորձում է իր դասախոս Մահմուդ Հեսաբիին համոզել իրեն օգնել կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար: Սակայն կին լինելու պատճառով մերժվում է: Ապա հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը: 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան, և Սորբոնում նրան դասախոսության աթոռ է առաջարկվում: Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես ասիստենտ դասախոս՝ սկսում է թերմոդինամիկա դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:

1959-ին, Արևմտյան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին՝ արևային ֆիզիկայի աստղադիրանում 4 ամիս սովորելու համար, և Տերյանն է ընտրվում՝ որպես թոշակի ստանալու թեկնածու: 1961-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում դասախոսի կոչման՝ այդպիսով դառնալով Իրանի առաջին կին դասախոսը:

1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ է նշանակվում, և սկսում աշխատել արևային ֆիզիկայի աստղադիրանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր է խաղացել:

Տերյանը առաջին դասախոսն է, ով Իրանում աստղաֆիզիկա է դասավանդել: 1979 թվականին պաշտոնաթող է եղել: Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն, կյանքին վերջին տարիներն ապրել է Թեհրանի Թոհիդ ծերանոցում և մահացել 2011 թվականին: