.jpg)
Փորձագետ. Իրան, Իսրայել, Սաուդյան Արաբիա. Թնջուկն անլուծելի է թվում
Այն ժամանակ, երբ Իրանի և «վեցյակի» անդամ երկրների պատվիրակությունները Ժնևում «գլուխ են կոտրում»՝ ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հանգելու հարցում, Թեհրանի տարածաշրջանային առնվազն երկու հակառակորդները՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան անթաքույց մտահոգությամբ և յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում Շվեյցարիայից ստացվող տեղեկատվությանն ու կանխատեսվող զարգացումներին:
Վերոնշյալով պայմանավորված իրավիճակն ու ընթացող գործընթացները պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Նախ Իրանի տարածաշրջանային հակառակորդները հավասարապես և ակնհայտ «խանդով» են մոտենում Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների բարելավման հեռանկարին՝ իրավացիորեն երկյուղելով կորցնել նույն Արևմուտքի ռազմավարական դաշնակցի կարևոր կարգավիճակը՝ հատկապես Մերձավոր Արևելքում ներկայում ընթացող բուռն զարգացումների համատեքստում: Երկրորդ, այնուամենայնիվ, թե՛ Թել Ավիվը և թե՛ Էր Ռիադը չեն հավատում Թեհրանի անկեղծությանը և համոզված են, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները ձգտում են «մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ». Այսինքն՝ մի կողմից, «փափուկ բարձ դնելով» Արևմուտքի գլխի տակ, կարգավորել հարաբերությունները, ձերբազատվել «հյուծիչ» պատժամիջոցներից, մյուս կողմից՝ շարունակում են հարստացնել ուրանը՝ նպատակ ունենալով հասնել ռազմավարական խնդիրների լուծմանը՝ միջուկային զենքի ստեղծմանը:
Առկա պայմաններում Թել Ավիվը դեռևս գործում է քարոզչական և հոգեբանական ազդեցության հարթություններում՝ սպառնալից հռետորաբանությամբ, կտրուկ հայտարարություններով, երկկողմանի մեղադրանքերով՝ ուղղված թե՛ Արևմուտքին, թե՛ Իսլամական Հանրապետությանը: «Վաշինգտոնն ավելի շատ է ձգտում Իրանի հետ համաձայնության, քան իրանցիները», «Թեհրանը խաբում է ողջ միջազգային հանրությանը», «Իրանի հետ համաձայնությունը կթաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները», «Իսրայելն իրեն պարտավորված չի զգում՝ հետևելու Իրանի և «վեցյակի» միջև կայացած համաձայնությանը»... նման բնույթի հայտարարություններ վերջին օրերին ավելի հաճախ են հնչում իսրայելական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից, այդպիսի խորագրով բազմաթիվ հրապարակումներ են լույս տեսնում իսրայելական գրեթե բոլոր ԶԼՄ-ներում:
Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա իսրայելական այս մարտավարության հետ մեկտեղ, նաև՝ ի տարբերություն Իսրայելի, որին էլ պատկանում է Մերձավոր Արևելքում միջուկային տերություն լինելու մենաշնորհը (թեպետ հրեական պետության իշխանությունները երբևէ ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այդ փաստը), սաուդյան իշխանություններն առավելապես գերադասում են ակտիվացնել աշխատանքները սեփական միջուկային զենքը ձեռք բերելու ուղղությամբ: Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ հայտնում են, որ Էր Ռիադը վերջին շրջանում նկատելիորեն ավելացրել է իր ներդրումները Պակիստանի միջուկային ծրագրում (միջուկային տերություն հանդիսանալու մասին Պակիստանը հայտարարել էր դեռևս 1998 թ.) և, երկու երկրների միջև առկա պայմանավորվածությունների համաձայն, անգամ կարող է միջուկային զենք ունենալ շատ ավելի վաղ, քան Իրանի Իսլամական Հանրապետությունը. ըստ որոշ աղբյուրների՝ թագավորությունն արդենիսկ ունի բալիստիկ հրթիռներ, առանց մարտագլխիկների:
Պետք է նշել, որ միջուկային ոլորտում Սաուդիան Արաբիայի և Պակիստանի միջև համագործակցությունը սկիզբ է առել դեռ 1990-ականների սկզբին: Տրամաբանական է, որ նման ոլորտում երկու երկրների փոխգործակցության վերաբերյալ տեղեկատվությունը չէր կարող հաստատվել կողմերից որևէ մեկի կողմից, և այդպիսի հաղորդումները հիմնականում հրապարակվում են հետախուզական տվյալների հիման վրա: Սակայն սաուդյան իշխանությունները մեկ անգամ չէ, որ սպառնացել են, թե Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու դեպքում Էր Ռիադի՝ միջուկային մարտագլխիկներ ձեռք բերելու հարցը լուծելի է ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում:
Ինչ խոսք, բացի իրականությանը մոտ լինելուց, նման բնույթի տեղեկատվական հոսքերը նաև այլ նպատակներ են հետապնդում: Իրանի տարածաշրջանային հակառակորդները նաև այս եղանակով՝ համակողմանի քարոզչական և հոգեբանական ճնշումների միջոցով են փորձում խոչընդոտել Իրանի և «վեցյակի» միջև համաձայնության կայացմանը՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ իրանական իշխանությունները, գիտակցելով միջուկային զենքի ստեղծման կենսական առաջնահերթությունն, ընդհանրապես հրաժարվեն կամ խախտեն «վեցյակի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ Արևմուտքը, ըստ էության գնահատելով Իրանի առջև առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու եզակի միջոցները, չի հավատա Թեհրանի անկեղծությանը:
Այսուհանդերձ, Մերձավոր Արևելքում ներկայում ընթացող գործընթացները կոչված են ապացուցելու նաև այն պատմական ճշմարտությունը, թե ՝ «Չկան հավերժ թշնամիներ… կան մշտական շահեր», իսկ սպասվող զարգացումները հավաստում են այն մտավախությունները, որ մերձավորարևելյան տարածաշրջանին սպառնում է առավել մասշտաբային սպառազինությունների մրցավազք՝ նաև նոր խաղացողների մասնակցությամբ: