09/11/2013 13:06
Հրաչ Մուրադյանի սպանության մեջ կասկածվողի փաստաբան. Ասես պատվեր են կատարում
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի գործը վաղուց դուրս է եկել իրավական դաշտից և որևէ տրամաբանության չի ենթարկվում: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ա. Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Ա. Պետրոսյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացվել:
«Փորձագետի եզրակացությամբ ապացուցվել է, որ Արայիկի դեմքի վրայի անտիմոնը կրակոցի հետևանք չէր, ավտոմեքենայի համարները փոխելու նշաններ մեքենայի վրա չեն հայտանբերվել, սակայն կալանքը նոր վկային հարացքննելու պատճառաբանությամբ անընդհատ երկարացվում է: Այդպես կարելի է միշտ երկարացնել կալանքը, նշելով, որ ինչ-որ տեղ վկա կա, որը կարող է տեղեկատվություն հաղորդել: Առաջ գոնե փորձագետի եզրակացությունն էին հաշվի առնում, իսկ այժմ չեմ հասկանում, ինչ տրամաբանություն կա այս ամենի մեջ»,- ասաց նա:
Գ. Հովհաննիսյանի կարծիքով` այս ամենը հիմք է տալիս իրեն ենթադրելու, որ կալանքի այս միջնորդությունն էլ կբավարարվի, հետագայում էլ նման ձևով վճիռ կկայացվի:
«Ասես, պատվեր են կատարում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նախորդող հրապարակում` Փաստաբան. Չի բացառվում, որ Հրաչ Մուրադյանի գործով դիմենք ՄԻԵԴ
Հ. Մուրադյանի սպանության մեջ մեղադրվողի կալանքը նորից կարող է երկարացվել