Մի մարդու պատմություն. Թելի. Ամրոցի մեջ ապրող կինը
09/11/2013 18:22

Մի մարդու պատմություն. Թելի. Ամրոցի մեջ ապրող կինը

Տունը գյուղի ծայրին է, 5 երեխա. Երկու տղա, երեք աղջիկ. Մեծին ամուսնացրել են: Արտաքինից գեղեցիկ կառուցված սեփական միհարկանի տուն է: Առավոտյան և երեկոյան հատկապես ակտիվ ելումուտ է. հարևանները կաթ ու մածուն, նաև` պանիր կամ տնական կաթնաշոռի հույսով են այցելում այս տուն: Տանը եզդու ընտանիք է բնակվում: Մարդիկ նախընտրում են հենց Թելիից գնել.  ներքին համոզում կա` մաքուր կաթ, պանիր, ու մածուն է վաճառում:

Դարպասից ներս երկար միջանցք է, որը տանում է բակ` տունը բաժանելով մառանային ու բնակելի հատվածների:
Բակում արդեն պատկերն այլ է. Կենդանիներ` ոչխարներ, կովեր, հավեր. Բնորոշ հոտ:

Պարզվեց Թելին խոսող կին է` իր կյանքի, ընդհանրապես եզդի ազգի սովորույթների մասին պատմել սիրում է. սովորույթներին ծանոթացա հենց բակում, որը նաև կիսաբնակելի է:

Եզդին ու քուրդն միմյանցից տարբերվո՞ւմ են հարցին Թելին պատասխանում է. «Տարբեր են, բա ի՞նչ»: Պարզվեց և' լեզվով, և' կրոնով այս երկու ազգերը միմյանցից տարբերվում են. «Մենք արև ենք պաշտում»,- բացատրում է Թելին ու ավելացնում` անգամ խնամիություն չեն անում, խոսելուց` իրար չեն հասկանում:

Հիմա քանի՞ երեխա են ունենում եզդիները, հարցնում եմ ես. «Հիմա երբ են բերո՞ւմ որ. Կա որ մեկ-երկուսն են ունենում: Առաջվա նման չէ»,- սրտնեղում է զրուցակիցս ու ավելացնում, երեխաներով լի տունն է եզդի ժողովրդին բնորոշ:

Եզդիների  համար ամուսնությունը կարևոր տեղ է զբաղեցնում. Աղջիկներն ու տղաները վաղ են ամուսնանում. Թելին ամուսնացել է 14 տարեկանում, ամուսինը եղել է մոտ 18 տարեկան:

Աղջիկները վաղ են ամուսնանում, եթե նույնիսկ  դպրոցում լավ են սովորում, նախընտրում են ամուսնությունը: Դրանից հետո աղջիկը թողնում է դպրոցը, փողոց էլ դուրս չի գալիս, անգամ հարևանների հետ շփումները հասնում են նվազագույնի:

Եզդի աղջիկներն առանձնահատկություն ունեն. «Մեր աղջիկները սիրած չեն պահում»,- ասում է Թելին հպարտությամբ ու շարունակում. Երբ գալիս են աղջիկ ուզելու, կարևորը ծնողների համաձայնությունն է. «Աղջիկը ինչ է ճանաչում, թե ո՞վ են. ծնողները պիտի համաձայնեն»:

Ամուսնությունից հետո հարսին դժկամությամբ են դուրս թողնում, նախ քանի որ դա արդեն սովորույթի է վերածվում, հետո էլ «մեր տղամարդիկ խանդոտ են»:

Եզդիները, պատահում է այլազգիների հետ էլ են ամուսնանում` հազվադեպ, իհարկե. աշխատում են խնամիանալ ազգի ներսում:

Թելին նաև հաշվում է, թե գյուղում քանի ընտանիք կա, երևի 14 տուն, շատերն արտագաղթել են` Ռուսաստան, Գերմանիա. Արտագաղթը մնում է արտագաղթը. Պատճառները նույնն են` հիմնականում` սոցիալական խնդիրները: Թեև եզդիները, հիմնականում, զբաղվում են անասնապահությամբ, սակայն այս ոլորտն էլ իրեն չի արդարացնում, կամ էլ ակնկալիքները չի արդարացնում:

«Հիմա աշխատանք չկա, դրա համար էլ եզդիները դուրս են գալիս, հիմա անասուններից եկամուտ չկա, գների հետ խաղում են` մեր աչքին էլ չի էրեվում, խոտը թանգ ա` 1300-1400 դրամ մեկ տուկը, մենք էլ խոտ քաղելու տեղ չունենք»,- ասում է Թելին:

Խոսելով անցնում ենք Թելիիենց մառան, որտեղ, պատերի երկարությանը զուգահեռ շարված են տակառները` պանրով լի. Առք ու վաճառք են անում, կամ հաճախորդներ արդեն կան` գալիս-տանում են: «Հեսա կլիենտը կգա կտանի» ցույց է տալիս պանիրը, «Հիմա գինը 1400-1500 է, բայց ասում են` կթանգի»: Տեղավորում է կաթի դույլը, քամում, լցնում կաթսաների մեջ` եռացնելու: Կրտսեր աջիկը մորն օգնում է. մառանում և խոհանուցում աշխատանքային եռուզեռ է. արագ պետք է կաթը վերամշակել:

Հարևանները հիմնականում հայեր են` շփումներ կան, ներկա են լինում հասանիքներին, խաղաղ գոյակցում են. Թելին հարևանությունից դժգոհ չէ, հակառակը աշխատում է լավ հարաբերություններ պահպանել:

Անցանք ազգային հագուստներին. Տարիներ առաջ եզդիներին կարելի էր տարբերել ազգային բնորոշ հագուստով` դարսածալ կիսաշրջազգեստներ` գունագեղ, նաև խայտաբղետ վերնազգեստ, մազերը հավաքած գլխաշորի տակ, սակայն հիմա, կարծես թե, տարբերելը դժվարացել է, ինչո՞ւ են եզդիները հրաժարվել ազգային հագուստներից:

Պարզվում է` նախկինում եզդիները պատվիրում էին հագուստ դերձակների մոտ` և հայ, և եզդի, սակայն վերջին տարիներին հրաժարվել են դերձակներին այցելելուց, օգտվում են խանութներից. «Հիմա եզդիներ կան, որ հայից չեն տարբերվում»:

Ամուսնու հետ է խոսում Թելին, անցնում հայերենի` ջուր խմա՞վ ու եզդիերեն ինչ-որ բան է ասում, իհարկե` չեմ հասկանում:

Հարսանիքը աշխատում են ամսվա կենտ օրերին անել, սովորույթն է այդպիսին. «Հայերն էլ են էդպես ամուսնանում»,- համոզում է Թելին... որքան էլ փորձեցի նման սովորույթ հիշել` չկարողացա: Ինչևէ:

Ամառները Թելին ընտանիքով բարձրանում է Գառնիի սարերը, որտեղ կարող են պահել կենդանիներին. գարնանը գնում են, աշնանը վերադառնում: Պատմում է Գառնիի սառնորակ աղբյուրների մասին, թե ինչպես են զբոսաշրջիկները զարմանում ջրի մաքրության վրա, և թե ինչպես աշխարհից հեռու մի վայրում նման զարմանահրաշ ջուր կա` աշխարհին անհայտ: 

Հրաժեշտ տվեցի ընտանիքին, փակվեց շքամուտքի դուռը, որը մի սահման է մի իրականությունից մյուս իրականություն ու մեկ տարբերություն. Տունը ամրոցի նման փակ ու ամուր էր կառուցված` միջնադարյան ամրոցի նման և առանց պատուհաններ, անջրպետված արտաքին աշխարհից:

Նախորդող հրապարակումներ`  Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը

Մի մարդու պատմություն. Մարգո. Աստծու տվածով գոհացող կինը

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը

Մի մարդու պատմություն. Թելի. Ամրոցի մեջ ապրող կինը