Տարածաշրջանային բլոգ. Թուրքիա-Ս. Արաբիա. Հակամարտությունը շարունակվում է
09/11/2013 18:42

Տարածաշրջանային բլոգ. Թուրքիա-Ս. Արաբիա. Հակամարտությունը շարունակվում է

Սիրիական հակամարտության համատեքստում մերձավորարևելյան տարածաշրջանում սիրիական ընդդիմադիր ուժերին աջակցող ամենաակտիվ երկրներից են Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Երկու երկրներն էլ ջանք ու եռանդ չեն խնայում Սիրիայում գործող վարչախումբը տապալելու ուղղությամբ, որի համար նրանց կողմից ֆինանսական և ռազմական զգալի աջակցություն են ստանում զանազան ուժեր:

Թուրքիա. Թուրքական իշխանությունների օժանդակությունից հավասարաճափ օգտվում են ինչպես սիրիական ընդդիմության աշխարհիկ, այնպես էլ իսլամական, հատկապես ծայրահեղական իսլամական ուժերը: Հենց հակամարտության սկզբից Թուրքիան ձեռնամուխ եղավ Բաշար ալ-Ասադի դեմ ձևավորվող ընդդիմադիր հոսանքները համախմբելու և նրանց գործողությունները համակարգելու ուղղությամբ կատարվող աշխատանքների իրակակացմանը՝ աջակցելով այնպիսի ընդդիմադիր կառույցների ստեղծմանը, ինչպիսիք էին՝ «Սիրիական ազգային կոալիցիան», «Սիրիայի ազատ բանակը» և այլն:

2002 թ-ից Թուրքիայում իշխանության եկած իսլամական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իհարկե, չէր կարող անտեսել իսլամական տրամադրությունների ակտիվացումը Սիրիայում, և այդ համատեքստում տարբեր իսլամական, նաև ծայրահեղական խմբավորումների ակտիվ ներգրավվածությունը սիրիական հակամարտությունում նույնպես անուշադրության չմատնվեց Թուրքիայի կողմից: Որքան էլ թուրքական իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, թե պայքարում են ծայրահեղական իսլամական խմբավորումների դեմ, իրականությունն այլ է: Դեպի Սիրիա ջիհադական պայքարի ճանապարհներից մեկը (եթե ոչ գլխավորը) անցնում է Թուրքիայով, որի սիրիական սահմանամերձ շրջաններում գործող ռազմական ճամբարներում աշխարհի տարբեր հատվածներից հավաքագրվող իսլամականները ռազմական պատրաստություն են անցնում, զինվում և դեպի Սիրիա են ուղարկվում: Թուրք-սիրիական սահմանը վաղուց վերածվել է մի տարանցիկ գոտու, որտեղից իսլամական զգալի ներուժ ու մեծաքանակ ռազմամթերք է ներթափանցում Սիրիա:

Թուրքական բարձրաստիճան ղեկավարների շուրթերից հաճախակի հնչող սպառնալիքներն ուղղված ծայրահեղականներին, արդեն ստանում են իսլամական որոշ խմբավորումների կողմից համապատասխան պատասխաններ: Թուրքիան ներքաշվել է մի խաղի մեջ, որի կանոնները կարող են փոխվել ի վնաս իրեն: Ժամանակին հայտարարված «զրո» խնդիր հարևանների հետ քաղաքականությունը, կարծես, սպառել է իրեն, և ավելի բարդ և անլուծելի խնդիրներ է առաջ քաշում Թուրքիայի իշխանությունների համար, իսկ նման խնդիրներից Թուրքիայի համար կարող են լինել հենց վերջինիս կողմից օժանդակություն ստացող իսլամականները:

Սաուդյան Արաբիա. Եթե Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կանխատեսելի չէր (2000-ական թթ-ին թուրք-սիրիական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա էին), ապա Սիրիական հակամարտությունում Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունն ընդդիմադիր ուժերի կողմից պատահական համարել միամտություն կլինի: Շիաալաուիական վերնախավի կողմից ղեկավարվող Սիրիան անցանկալի պետություն է Սաուդյան Արաբիայի համար, քանզի շիական Իրանը Սիրիայի միջոցով աստիճանաբար ամուր դիրքեր էր գրավում տարածաշրջանում:

Սաուդական իշխանությունների կողմից սիրիական ընդդիմադիրներին ցուցաբերվող օժանդակությունում գերակշռող են գաղափարական, ֆինանսական և ռազմական կոմպոնենտները: Գաղափարականը հիմնականում արտահայտվում է Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ գործող աղբյուրների կողմից ամբողջ աշխարհով անցկացվող հակաբաշարյան իսլամական կոչերով, որոնք ամրապնդվում են իսլամական ճանաչված կրոնագետ-աստվածաբանների ֆեթվաներով (հիմնական փաստարկը «անհավատ» սիրիական շիաալաուիական վարչակարգի դեմ պայքարելն է, որի նպատակը Բաշար ալ-Ասադի տապալումն է): Սիրիական ընդդիմադիր զանգվածի ֆինանսական օժանդակության ասպարեզում Սաուդյան Արաբիան առաջատար դիրքերում է (այս առումով բավական է ուշադրություն դարձնել Սիրիայում կռվող իսլամական խմբավորումների սպառազինության, զինհանդերձանքի և նրանց կողմից վերահսկվող տարածքներում ծախսվող միջոցների վրա):

Ինչ վերաբերում է զինյալ ընդդիմադիրներին տրվող աջակցության ռազմական բաղկացուցչին, ապա Սաուդյան Արաբիան հետևողականորեն մատակարարում է զինամթերք, ստեղծում է ռազմական պատրաստության ճամբարներ (Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Պակիստանում և այլն), որտեղ նաև արևմտյան փորձագետների կողմից ռազմական պատրաստություն են անցնում դեպի Սիրիա գնացող իսլամականները:

Սաուդյան Արաբիայի իշխող վերնախավը դեռևս առաջնորդվում է 18-19-րդ դդ-ում ձևավորված գաղափարախոսությամբ (վահաբականություն) և կարծրատիպերով, որոնց պրակտիկ կիրառումը 20-րդ դարի սկզբին հնարավորություն տվեց սաուդներին հիմնել իրենց թագավորությունը: Սաուդական նոր սերունդը ստիպված պետք է հաշվի նստի դեռևս սաուդյան թագավորության հիմնադրից՝ Աբդ ալ-Ազիզ բին Սաուդից ստացած ժառանգության հետ, ինչը մեծ հաշվով խաչընդոտ կարող է հանդիսանալ 21-րդ դարում առկա իրողությունների համար, ինչը իր հերթին կարող է սաուդական արքունիքում խռովությունների և փոփոխությունների պատճառ դառնալ, առավել ևս, որ նման փորձեր եղել են Սաուդյան Արաբիայում (չմոռանանք, որ ներկայիս թագավորը՝ 90-ամյա Աբդալլահը, դեռևս Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդ ալ-Ազիզի որդին է, իսկ իշխանությունը թագավորությունում ավագության սկզբունքով անցնում է Աբդ ալ-Ազիզի որդիներին):

Ինչևէ, սիրիական հակամարտության համատեքստում մերձավորարևելյան տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են սպասվում, ինչը կարող է ազդել վերոհիշյալ երկու երկրների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներքաղաքական իրավիճակի և զարգացումների վրա: Իսկ նման զարգացումներից, հատկապես «Արաբական գարնան» համատեքստում, տարածաշրջանային որևիցե երկիր ապահովագրված չէ:
 

Տարածաշրջանային բլոգ. Թուրքիա-Ս. Արաբիա. Հակամարտությունը շարունակվում է