Տարածաշրջանային բլոգ. Թուրքական նվաճողական ձգտումները. Աջարիան վտանգի տակ է
11/11/2013 21:08

Տարածաշրջանային բլոգ. Թուրքական նվաճողական ձգտումները. Աջարիան վտանգի տակ է

Վերջին օրերին վրաց հասարակության շրջանում ակտիվ քննարկումներ են ծավալվել Վրաստանում թուրքական ազդեցության՝ տարեցտարի աճի և դրանից բխող հետևանքների շուրջ: Վերոնշյալ խնդիրը` հղի լուրջ վտանգներով, միշտ էլ արդիական է եղել հարևան Վրաստանի համար, և մի շարք հասարակական կազմակերպություններ և տարբեր կառույցներ պարբերաբար բարձրաձայնել են այս խնդրի մասին, սակայն դժվար չէ գուշակել, որ վերջին տարիներին Վրաստանի արդեն նախկին իշխանությունների վարած հակառուսական քաղաքականության համատեքստում թուրք-ադրբեջանական գործոնը պետք է որ առավել ազդեցիկ դառնար Վրաստանում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության համար դիտարկվում էին որպես այլընտրանք` առաջին հերթին, իհարկե, տնտեսական (էներգետիկ բլոկն այդ թվում) շահերի տեսանկյունից: Ուստի կարելի է փաստել, որ Թուրքիան Վրաստանում գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ էր ստանում` թե' տնտեսական, թե' քաղաքական, թե' ռազմական, թե' կրոնամշակութային, և թե' տարածքային առումով:

Տնտեսական մասով ամեն ինչ պարզ է. թուրքական ներդրումների ծավալի զգալի աճը, էներգետիկ ոլորտում խոշորամասշտաբ նախագծերի իրականացումը, ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը հանգեցրել են նրան, որ ներկայում Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Ռազմաքաղաքական առումով Անկարան իր աջակցությունն է ցուցաբերում Թբիլիսիին, որն արտահայտվում է միջազգային տարբեր կազմակերպություններում այս կամ այն բանաձևին կամ որոշմանը Վրաստանի օգտին քվեարկելու, Վրաստանի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները խրախուսելու, ռազմական օգնություն ցուցաբերելու հանգամանքով: Կրոնամշակութային տեսանկյունից կարելի է առանձնացնել մի քանի ուղղություն, որ արդեն երկար տարիներ կիրառվում է թուրքական պետության կողմից, մասնավորապես՝ տարեցտարի Վրաստանի տարածքում մզկիթների քանակի ավելացումը, ազգությամբ թուրք Վրաստանի քաղաքացիների, մասնավորապես` դպրոցականների և ուսանողների ուսումը Թուրքիայում կազմակերպելու, ապա` Վրաստանում թուրքանպաստ գործունեություն ծավալելու նպատակով վերջինների համար պայմանների ստեղծումը, Վրաստանում թուրքական կրթական և մշակութային կենտրոնների հիմնումը, ապա նաև վրացական առաջատար հեռուստաալիքներով թուրքական մշակույթն ու ավանդույթները, կենցաղն ու առօրյան քարոզող հեռուստասերիալների ցուցադրությունը:

Այս ամենը հստակ ծրագիր է, որն իրականացվում է թուրքերի կողմից և ի նպաստ նրանց:

Ուստի, այս համատեքստում և հետևանքով տրամաբանական է, որ առաջ է գալիս տարածքային ամբողջականության խախտման վտանգը Վրաստանի համար, և հակառակ դրան` թուրքական նկրտումների իրագործման հնարավորության մեծացման իրողությունը:

Հիմնական վտանգն, իհարկե, ուղղված է վրացական Աջարիային` Բաթումի կենտրոնական քաղաքով, քանի որ հենց այդտեղ են բնակվում մեծ թվով թուրքեր և հենց այդ տարածքն են թուրքերը համարում իրենցը: Նույնիսկ թուրքական դասագրքերում մինչ օրս Բաթումին ներկայացվում է որպես թուրքական տարածք: Ինչևէ, խնդիրը շատ լուրջ է և ցավոտ վրացիների համար: Եվ քանի որ Սաակաշվիլիի իշխանության դարաշրջանն ավարտվում է, վրաց հասարակության համար հնարավորություն է ստեղծվում նոր իշխանությունների պաշտոնավարման ժամանակաշրջանում ավելի ակտիվ գործունեություն ծավալել թուրքական ազդեցության խորացման և դրա բացասական հետևանքներին հակազդելու համար:

Այս տեսանկյունից արդեն որոշակի տեղաշարժեր նկատվում են. մասնավորապես Բաթումիում հաճախակի են դարձել հակաթուրքական բովանդակությամբ ակցիաները, հատկապես, հասարակությունը խստորեն քննատատում է թուրքական մզկիթների կառուցման և վերականգնման գաղափարը, բողոքում Թուրքիայի տարածքում վրացական մշակութային կոթողները միտումնավոր ոչնչացնելու, անմխիթար վիճակում թողնելու, Վրաստանում գործունեություն ծավալած թուրքական ընկերություններին արտոնություններ տալու, Թբիլիսիի թուրքական ակումբներում վրացիների մուտքը արգելելու դեմ և այլն: Իսկ վերջին դեպքն ուղղակի բուռն քննարկումների, քննադատությունների առիթ հանդիսացավ: Խոսքը վերաբերում է Facebook սոցիալական ցանցում գրանցված «Աջարիայի իսլամական հանրապետություն» անվամբ էջին, որն ուղղակիորեն հակավրացական բովանդակություն է պարունակում, քանի որ այնտեղ տեղադրված է նկար Վրաստանի քարտեզի պատկերով, որտեղ Աջարիան առանձնացված է` որպես «Աջարիայի իսլամական հանրապետություն»: Նյութում նաև նշվում է, որ Facebook-յան էջում արված են գրառումներ՝ «Բաթումին Իսլամինն է», «Քիչ մնաց», «Կհասնենք Բաթումի» վերտառությամբ: Քննարկումները, որոնք ծավալվել են կոնկրետ այս համացանցային էջի ներքո խոսում են այն մասին, որ վրաց հասարակությունն սկսել է ավելի իրատեսորեն մոտենալ վերոնշյալ խնդրին և ադեկվատ գնահատականներ և քննադատություններ ուղղել հակավրացական, այս դեպքում` թուրքանպաստ քաղաքականությանը:

Պետք է նշել, սակայն, որ թուրքական ազդեցության մեծացման դեմ առավել արդյունավետ հանդես գալու հարցում Վրաստանը պետք է գործի պետական քաղաքականության մակարդակով, որպեսզի արդյունքերն առավել շոշափելի լինեն, այլապես, նախկին իշխանությունների վարած թուրքանպաստ քաղաքականությունը շարունակելու պարագայում հետևանքները կարող են անդառնալի լինել Թբիլիսիի համար` թե’ տարածքային ամբողջականության, թե’ տնտեսական կախվածության և թե’ ժողովրդագրական պատկերի առումով: 

Տարածաշրջանային բլոգ. Թուրքական նվաճողական ձգտումները. Աջարիան վտանգի տակ է