Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները
11/11/2013 21:22

Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները

Aysor.am-ի «Լավ գործ» նախագիծը այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ջանք, եռանդ ու տաղանդ են ներդնում անգամ սովորական թվացող մասնագիտությունների մեջ և այն արհեստից դարձնում արվեստ: Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին ու գույն տալիս մեր ժամանակներին: Նրանցից է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանը:

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք։

Հայաստանի վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանի քանդակները Վահագնի նման ծնվում են կրակից: Նրա երկաթյա քանդակները առանց պատվանդանի տեղադրված են քաղաքի տարբեր հատվածներում և երկաթի նման սերտ ձուլվել են քաղաքի կյանքին, այնքան սերտ, որ թվում է` առանց դրանց քաղաքն այլևս ամբողջական չի լինի, իսկ տեղը միշտ դատարկ կմնա:

Արվեստագետի խոսքով` դրա գաղտնիքն այն է, որ իր քանդակները ծնվում են մեկ ներշնչումով, հաճախ միանգամից ու պարտադիր անցնում կրակի միջոց` նոր շունչ ու կյանք ստանալու համար:

«Սովորաբար մեծ աշխատանքների համար քանդակը մասերի են վերածում, և քանդակները այդ երկար պրոցեսների միջով անցնելով մեռնում են: Քանդակի գաղափարի մասին կարող եմ երկար մտածել, բայց երբ սկսում եմ իրականացնել, հաճախ օրերով տարվում եմ, մոռանում մնացած ամեն ինչ, որ հնարավորինս շուտ իրականցնեմ ու քանդակը չմեռնի: Օրինակ, 60 սմ մեծությամբ Փարաջանովի քանդակը ստեղծվել է 2.5 օրում, վերջին օրը հասկացա, որ շատ եմ հոգնել, բայց էլի չէի կարողանում դադարեցնել»,- պատմում է նա:

Քանդակագործի մոտ երկաթից քանդակներ ստեղծելու գաղափարը ծնվել է պատահաբար, երբ փորձել է նյութ գտնել, որի հետ աշխատելը համեմատաբար հեշտ լինի և երկար պահպանվի:

«Քանդակներ ստեղծելու գաղափարը դեռ շատ վաղուց ունեի, երբ դեռ նոր էի ավարտում Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժինը, բրոնզից ձուլելը բարդ էր, և Հայաստանում դա վատ են ձուլում, դասախոսս խորհուրդ տվեց այնպիսի նյութ գտնել, որ հնարավոր լինի երկար ժամանակ պահպանել աշխատանքներս: Բրոնզից, մարմարից էլ քանդակներ ունեմ, սակայն երկաթով ավելի հեշտ է աշխատելը: Երկաթից քանդակներ սկսել եմ ստեղծել 1987 թ.-ից, հետո 10 տարի լույսերի անջատումների հետ կապված չեմ աշխատել, ու 2000 թ. վերսկսել եմ աշխատանքս»,- ասում է նա:

Այդ ժամանակվանից երկաթը դադարել է զուտ նյութ լինել Արա Ալեքյանի համար, դարձել է ոգեշնչման աղբյուր, իսկ քանդակագործի կախարդանքը ավարտվում է այն պահին, երբ թերթով կամ թղթերով փաթեթավորում է քանդակը և այրում, որ  կրակից նոր շունչ ստանա ու վերածնվի:

«Երկաթը ինձ ոգեշնչում է: Երկաթը` ինքն իրենով արդեն նյութ է, այն ստեղծվում է հողից` կրակի միջոցով և հետո հայտնվում աղբանոցում` որպես թափոն: Սակայն այն աղբ լինել չի կարող, քանի որ, ի վերջո, կվերածվի հումուսի: Ես այդ թափոններին նոր շունչ եմ տալիս ու կրակի միջով անցկացնելով` նորից վերածնում այն: Դրա նպատակն այն է, որ կյանքը ապրած մեքենայի մասը, կամ, ասենք, անպետք ջեռուցման խողովակը վերակենդանանա. իմաստ դա է, ինչպես նաև` բնության հավերժ նորոգվելու ուժը»,- բացատրում է վարպետը:

Երկաթը Ա. Ալեքյանը գտնում է ամեն տեղից, երբեմն էլ նվիրում են: «Ավտոմեքենա սարքողներ կան, որոնք զանգում, տալիս են, կամ մեքենայի ջարդոնների տեղում ճանաչում են ինձ, ասում` արի, մտի, ինչ պետք է` վերցրու, ասել եմ, փող տամ, չեն վերցրել, նույնիկ հրավիրել են իրենց մոտ աշխատելու, բայց այնտեղ այնքան մետաղներ կան, որ երևի կխելագարվեմ, եթե այնտեղ աշխատեմ»,- կատակում է նա:

Ա. Ալեքյանի խոսքով` քանդակները կարող են ստեղծվել դետալից ոգեշնչված, իսկ դրանց ստեղծման միակ պատճառը սերն է:

«Ընդհանրապես, արվեստի գործերը ե՞րբ են ստեղծվում, երբ դրան կարողանում ես նոր կյանքը տալ: Նույնը նաև երկաթի դեպքում է: Ինչպե՞ս է լավ ստեղծագործություն գրվում, բոլորն էլ գիտեն տառերը, սակայն կան մարդիկ, որոնք կարողանում են շունչ տալ դրանց: Իմ տառերն էլ քանդակներն են, բոլորն էլ կարող են այդ դետալները իրար զոդել ու ինչ-որ բան ստանալ, սակայն ես փորձում եմ շունչ հաղորդել դրանց: Ես դետալները կենդանի եմ տեսնում, անգամ մաշված, ծռված մետաղները: 

Օրինակ, Վազող աքաղաղը ստեղծել եմ ԿԱՄԱԶ-ի խլացուցիչի մի դետալը տեսնելով, ուղղակի նմանեցրի, այդ դետալը նրա մարմնին է և շարունակությունը` ոտքերը, պոչը ստեղծեցի: Քանդակների գաղափարը երբեմն շատ երկար եմ իմ մեջ կրում, դրանք կապ չունեն ո'չ քաղաքականության, ո'չ էլ որևէ իրավիճակի հետ, դրանց ստեղծման միակ պատճառը սերն է: Պատահում է` ինչ-որ դետալ եմ տեսնում, դրանից է ծնվում գաղափարը, կամ պատվեր կարող են տալ, կամ էլ երկու դետալ կպցնեմ իրար ու շարունակեմ ստեղծել` գտնելով քանդակը: Ու ես տալիս եմ երկաթին այն էներգին, որ իմ մեջ կուտակվել է, ու դրանից ստանում քանդակները»,- ասում է նա:

Քանդակագործի խոսքով` մետաղի թափոններից ծնված քանդակները մարմնավորում են մարդու լավագույն հատկանիշները: 

«Օրինակ `ձիերը մարմնավորում են անկախությունը, ցուլը, արջը` ուժը, հզորությունը, վատ հատկանիշներ, վախկոտություն մարմնավորող քանդակներ չունեմ»,- ասում է նա: 

Լինում են նաև դեպքեր, երբ Ա. Ալեքյանը հիասթափվում է քանդակից, սակայն միայն ստեղծման պրոցեսում, և մի քանի օր այդ քանդակին չի մոտենում, որից հետո վերադառնում է դրան ու «գնում հետ` սխալ գնացած ճանապարհով»:

Ա. Ալեքյանի խոսքով` իր քանդակաները առանց պատվանդանի դրված են քաղաքի տարբեր հատվածներում այն պատճառով, որ մարդկանց հետ շփումը ևս էներգիա է հաղորդում ու տալիս մարդկանց:

«Ես չգիտեմ ուրիշները ինչպես են անում, պատվանդանի վրա են դնում, կուռք դարձնում քանդակը, բայց ես դա չեմ սիրում, օրինակ, երբ Գաֆեսճեան կենտրոնում կես մետրից ավելի մոտենում ես քանդակին, ասում են, ինչո՞ւ ես մոտեցել, ձեռք չտաք... Աշխարհի ոչ մի երկրում այդպես չի, եթե մարդը բրոնզին մոտենա, ի՞նչ պետք է տա էներգիայից բացի: Մարդիկ պետք է շոշափեն, զգան քանդակը, էնքան եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ Մոսկվա կինոթատրոնի մոտի ցուլի վրա 2-3 երեխա են նստած լինում, ինչո՞ւ պետք է չփացնեն, հո՞ ատամներով չեն կրծելու: Օրինակ, հաճելի չէ՞, որ Առնո Բաբաջանյանի արձանի քիթը այնքան են ձեռք տվել, որ փայլում է»,- հարցնում է քանդակագործը:

Արվեստագետը համոզված է, որ քանդակները պետք է լինեն հանրամատչելի, սակայն ոչ հասարակության թելադրանքով ծնված:

«Արվեստագետը չպետք է նայի ուրիշի ճաշակին, այլ բարձրանա որևէ բարձր աստիճանի, որտեղից արվեստ ստեղծի ու դա թելադրի ժողովրդին, ոչ թե ստեղծի այն, ինչը վաճառվում է, թե չէ ես այնպիսի քանդակներ կանեի, որ միանգամից կգնեին: Իսկ իմ քանդակները, որոնք 60-ից մի քիչ ավելի են, այդքան էլ շատ չեն վաճառվում: Ես ավելի շատ անիմալիստական թեմաներ եմ արել, բայց երբ պետք է գալիս, ունեմ պարուհիների, Փարաջանովի հսկա պորտրետը, Փարաջանովը անձրևանոցով... անում եմ, երբ զգում եմ, որ դա պետք է անեմ»,- ասում է նա:

Պահի ներշնչումով ծնված` քանդակների գաղափարը նախ հասունանում է արվեստագետի հոգում, սակայն դրանք ավարտուն տեսք են ստանում միայն վերջում, իսկ ստեղծման ընթացքում կարող են փոփոխվել:

Իր քանդակները Ա. Ալեքյանը անհատույց է դրել Երևանում, ասում է` Երևանի քաղաքապետարանի հետ լուռ համաձայնության են եկել և այսքան տարի այդ լռությունը չի խախտվել:

«Ուրիշները գումար կարող է վաստակեն իրենց քանդակները քաղաքում դնելու համար, սակայն ես ուղղակի տեղադրել եմ` առանց հարցնելու քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ քաղաքապետարանն էլ չի արգելել դրանք տեղադրել: Միայն վերջերս, մոտ 2 ամիս առաջ դիմեցի քաղաքապետարանին` սարդի վրա երեք կողմից լուսավորություն անցկացնելու համար, պատկերացնում եք, ինչ գեղեցիկ կստացվեր, երբ այդ լույսերից ստվեր ընկներ գետնին, սակայն այդպես էլ ոչինչ չարեցին»,- պատմեց քանդակագործը:

Մեր քաղաքապետին երբեք չհանդիպած արվեստագետը այժմ առաջարկ է ստացել Չելյաբիսնկի քաղաքապետի կողմից և պատրաստվում է որոշ ժամանակ ապրել ու աշխատել այդ քաղաքում: 

«Չելյաբինսկի քաղաքապետը Երևանում տեսել ու հավանել էր իմ գործերը, հանդիպեցի իր հետ, նա հրավիրեց իրենց մոտ աշխատելու, ասաց, որ կուզեր, որ նման քնադակներ իրենց քաղաքում էլ լինեն, և շուտով պետք է այնտեղ մեկնեմ` մի քանի ամիս աշխատելու:  Ընդհանրապես, իմ աշխատանքների միայն 10 %-ն է ինձ մոտ, դրանք դրսում ավելի գնահատված են»,- ասում է նա ու ավելացնում` քանդակները հաճույքով է դուրս ուղարկում, բաժանումը դժվար չէ, միայն թե հաճախ կարոտում է դրանք, բայց իր ստեղծածն արդեն աշխարհինն է:

Կրակի ու երկաթի գինը իմացող արվեստագետը համոզված է, որ արվեստը չպետք է խառնեն քաղաքականության հետ, որովհետև արվեստը ավելի բարձր է. քաղաքացիական դիրքորոշումն էլ արվեստի միջոցով չի ցույց տալիս. երբ պետք է եղել, զենքը ձեռքին է պայքարել հայրենիքի համար:

Պատերազմի միջով անցած Հայաստանի վաստակավոր նկարիչ Ա. Ալեքյանի խոսքով` կարևորը այն գործով զբաղվելն է, որը քեզ մոտ ավելի լավ է ստացվում: 

«Ես Երկրապահների միության անդամ եմ, և երբ տեսել եմ, որ մեր երկիրը վատ դրության մեջ է, զենք եմ վերցրել ու մասնակցել Երասխի մարտերին, բլուրների գրավմանը, սակայն երբ մեր բանակը դարձավ կանոնավոր բանակ, հասկացա, որ անելիք չունեմ, ես սովորական մարտիկ եմ, որ պատերազմի ժամանակ կարող եմ զենքը ձեռքիս առաջ գնալ, իսկ կան մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ կերպով կարող են երկիր պաշտպանել: Երբ տեղը գա, ես կմասնակցեմ դրան, բայց այս պայմաններում, երբ տեսնում եմ, թե ոնց են թալանում, գողանում, անարժանին արժանավոր դարձնում, զարմանում եմ, ու դրա համար էլ չեմ ցանկանում մասնակցել կամ բողոքել: Երևանի տեսքը գնալով փչացնում են, իսկ արվեստ մաքրում է մարդուն, նույնիսկ այժմյան հարուստները, երբ արվեստի գործ են գնում կամ գոնե 5 րոպե նայում քնադակին, ասես մաքրվում են օրվա կեղտից»,- համոզված է Ալեքյանը:

Նախորդող հրապարակում` Rashani և Jewo. Աստծո շնորհով ու լույսի մեջ ապրող մարդիկ

Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում

Photo Atelier Marashlyan Retro. Լուսանկար, որը դառնում է պատմություն

Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները