.jpg)
Ջրծաղիկից մահացած զինվորի գործով կհարցաքննվի Արա Ասոյանը
Բանակում ջրծաղիկից մահվան դեպքի գործով նոյեմբերի 27-ի դատական նիստին կհրավիրվի երկրի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Այս մասին հայտնում է pastinfo.am-ը:
Այս մասին այսօր որոշում է կայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ: Ամբաստանյալներ, ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի և ՀՀ ՊՆ Nզորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանի պաշտպաններ Լևոն Պողոսյանն ու Վարդուհի Էլբակյանն այսօր միջնորդել են համաներման հիմքով գործը կարճել, թեև լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հերքվում է մեղադրանքը և առկա է արդարացման հիմք:
Լևոն Պողոսյանը միաժամանակ հնարավոր է համարել, որ Ա.Ասոյանին հարցաքննելուց և իրենց պաշտպանյալների հետ խորհրդակցելուց հետո իրենք որոշեն հրաժարվել համաներման ուժով գործը կարճելու իրենց միջնորդությունից՝ արդարացման հիմքերի առկայության պատճառով:
Հիշեցնենք, որ Մինաս Մկրտչյանը, ըստ մեղադրական եզրակացության, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, իսկ Միքայել Միքայելյանը վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ:
Գործով տուժող Հայկ Խաչատրյանը մահացել էր 2011թ. դեկտեմբերին ջրծաղիկից: