Արամ Մանուկյան. Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, պետք է պատժվի
11/11/2013 17:25

Արամ Մանուկյան. Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, պետք է պատժվի

Վերահսկիչ պալատն անցած գործունեության ժամանակ բավականին դրական բաներ արեց՝ հանրությանը ներկայացնելով բյուջեի խախտումները, յուրացումները: Բայց արդյունավետության և օգտակար գործողության գործակցի վերջնական գնահատման առումով վիճակն ամենևին բարվոք չէ: Խորհրդարանում քիչ առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Գիտակցելով հանդերձ, որ դուք չեք կարող ձեր հայտնաբերած խախտումների համար մարդկանց պատժել, այնուամենայնիվ, ես այս խնդիրը համարում եմ համակարգային: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է ձեր խախտումների արդյունքում պատասխանտվության ենթակված մարդկանց թիվը: Ի՞նչ իմաստ ունեն ձեր բացահայտումները, եթե մարդիկ չեն պատժվում»,- շարունակեց խոսքը Ա. Մանուկյանը:

Ի պատասխան ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը նշեց, որ վերջնական արդյունքի հետ կապված հարցերն իրենց ֆունկցիաներից դուրս են, իսկ ընդհանուր արդյունավետությունը միայն այդ գործիքով դիտելը ճիշտ չէ:

«Կարող է լինել պատիժ, կարող է չլինել, հնարավոր է մի դեպքում խախտումները վերացվեն, բայց, ընդհանուր առմամբ, արդյունավետությանը՝ կոնկրետ ծրագրերի հետ կապված, գնահատականներ չեն կարող տալ: Գուցե խնդիր կա, որ հասցեականությունը մինչև վերջ չենք տարել: Գուցե նաև փորձենք հստակ մատնանշել այն շրջանակը, որտեղ վերահսկողության առումով խնդիր կա, բայց, ընդհանուր առմամբ, դա մեր ֆունկցիայից դուրս է»,- մանրամասնեց Ի. Զաքարյանը:

Արձագանքման ժամանակ Ա. Մանուկյանը նշեց, որ կա հստակ ձևավորված կարծիք, ըստ որի, ՎՊ բացահայտումները կոնկրետ քաղաքական նպատակ ունեն՝ ոմանց ճնշել. «Դուք պետք է հստակ հերքեք սա: Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, պետք է պատժվի, մեզ փորձեք համոզել սրանում»:

Ի. Զաքարյանն ի պատասխան ասաց, թե երբեք այդ գնահատականների շրջանակ չի մտնելու. «Կան դեպքեր, դրանք միշտ հրապարակային են, ես կարծում եմ, որ լինում են պատժիչ դեպքեր, հասարակությունն էլ իմանում է, թե որ դեպքով ինչ պատիժներ են և ովքեր են այդ պատիժը կրում»:

Արամ Մանուկյան. Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, պետք է պատժվի