Գ. Ծառուկյան. Պայքարը չի լինում առանց խոչընդոտների և դժվարությունների
11/11/2013 17:15

Գ. Ծառուկյան. Պայքարը չի լինում առանց խոչընդոտների և դժվարությունների

Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայացած՝ քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բազմահազար արարատցիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին:

Այս մասին ասված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձում:

«Ձեր ձայները, ձեր կամքի և քաղաքական գիտակցության դրսևորումը և, վերջապես, սեփական քաղաքի և պետության հանդեպ սրտացավությունն ու պատասխանատվությունն ինձ տալիս են ավելի մեծ եռանդ ու հավատ, որ մենք միասին ի զորու ենք լինելու շենացնել մեր երկիրը, վերականգնել մեր գյուղերն ու քաղաքները, կասեցնել արտագաղթը, Հայաստանում հաստատել արդարություն:

Դա պետք է անենք մենք բոլորս. ոչ ոք մեր փոխարեն մեր օջախի լույսը վառ չի պահելու:

Ես ուզում իմ շնորհակալությունը հայտնել նախընտրական շտաբին՝ նման բարդ պայմաններում կազմակերպված աշխատանքի և գրանցած արդյունքի համար:

Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմին՝ գրագետ և կոռեկտ քարոզարշավի համար:

Ես իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցներին, հարյուրավոր կամավորներին, ովքեր օրեր շարունակ ցուցաբերեցին կուռ կամք և լուրջ թիմային աշխատանքի պատրաստվածություն:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի արարատցիներ: Առանց պայքարի հնարավոր չէ հասնել մեծ հաջողությունների: Իսկ պայքարը չի լինում առանց խոչընդոտների և դժվարությունների:

Մենք ու մեր երեխաներն ապրելու ենք մեր երկրում՝ Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն այն ապագայի, երբ մարդիկ չեն մտածի օր առաջ հայրենիքը լքելու մասին»,- ասված է ուղերձում։

Նախորդող հրապարակում՝ Արարատի ընտրությունում ՀՀԿ թեկնածու Հ. Հայկյանը հաղթեց ԲՀԿ թեկնածուին 

Գ. Ծառուկյան. Պայքարը չի լինում առանց խոչընդոտների և դժվարությունների