Թուրքիան ծրագրել է տապալել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը
11/11/2013 19:47

Թուրքիան ծրագրել է տապալել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը

Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական արտաքին հետախուզությունը, «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական շարժման արտաեգիպտական կառույցների հետ համատեղ, ծրագրել է տապալել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը:

Նախապատրաստված ծրագրի իրականացման մեկնարկը նշանակված է նոյեմբերի 19-ին. հնարավոր գործողության վերջնական նպատակը պետական հեղաշրջումն է, որի արդյունքում իշխանությունը պետք է վերադարձվի պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Մուրսիին: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է աստիճանաբար սրել իրավիճակը Եգիպտոսում՝ մայրաքաղաք Կահիրեում և երկրի մյուս խոշոր քաղաքներում բողոքի տարատեսակ գործողություններ, այդ թվում՝ անկարգություններ և բռնություններ հրահրելու ճանապարհով՝ դրանցում ակտիվորեն ներգրավելով «Մուսուլման եղբայրների»՝ Եգիպտոսում առկա զինված խմբավորումներին:

Երկրում կյանքի բնականոն հունը խաթարելու նպատակով նախատեսվում են նաև այլ գործողություններ՝ ակտիվացնել բնակչությանն ուղղված կոչերն՝ քաղաքացիական անհնազանդության վերաբերյալ, խոչընդոտել պետական ծառայողների ժամանմանն աշխատավայրեր և այլն:

Ըստ էության, վերոնշյալը փաստում է այն իրողությունը, որ թուրքական իշխանությունները ոչ մի կերպ չեն համակերպվում տարածաշրջանում առանցքային գործընկերոջից հրաժարվելու հանգամանքի հետ. Եգիպտոսը կարևոր օղակ էր Մերձավոր Արևելքում ստեղծված «Թուրքիա-Կատար-Մուսուլման եղբայրներ-ՀԱՄԱՍ» դաշինքում: Ասվածը կարևորվում է հատկապես այն պարագայում, երբ, ի հակադրություն Անկարայի, Արաբական Հանրապետությունում առավել ամրապնդվում են Թուրքիայի տարածաշրջանային մրցակիցներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության դիրքերը. Էր Ռիադից, ԱՄԷ-ից չդադարող քաղաքական աջակցությունն ու ֆինանսական հոսքերը հնարավորություն են ընձեռում եգիպտական ժամանակավոր իշխանություններին՝ հավասարակշռելու և դիմագրավելու ս.թ. հուլիսին երկրում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Արևմուտքից և տարածաշրջանային մի շարք պետությունների կողմից կրճատված կամ ընդհանրապես դադարեցված աջակցության ու ֆինանսական միջոցների պատճառով առաջացած խնդիրներին:

Անկարայում քաջ գիտակցում են, որ ժամանակի ընթացքում շատ ավելի կբարդանան ոչ միայն ռազմավարական շահերի վերականգնման հնարավորությունները Եգիպտոսում, այլև, ընդհանրապես, Թուրքիայի դեմ Արաբական Հանրապետությունում իրականացվող քարոզչական արշավը կարող է նաև լրջորեն սասանել Անկարայի հեղինակությունն ընդհանրապես արաբական աշխարիհի առանցքային և ամենաբազմամարդ պետության հասարակության շրջանում:

Թուրքիան ծրագրել է տապալել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը