.jpg)
Թուրքական մամուլ. Իրանը համագործակցում է քրդերի հետ՝ ընդդեմ Թուրքիայի
Թուրքիան լուրջ մեղադրանքներ է ներկայացնում Իրանին: Թուրքական մամուլում շրջանառվում է տեղեկությունը, ըստ որի իրանական հետախուզությունն ակտիվ աշխատում է ՔԲԿ-ի հետ, իսկ Թեհրանի նպատակը թուրք-քրդական հաշտեցման գործընթացը ձախողելն է:
Թուրքական մամուլը հայտնում է, որ մեկ տարվա մեջ Հյուսիսային Իրաքում ՔԲԿ ղեկավարության հետ իրանական ռազմական-հետախուզական ոլորտի ներկայացուցիչներն ունեցել են 6 հանդիպում: Ըստ մամուլի՝ Թեհրանի սաբոտաժն ընդդեմ Թուրքիայի բացահայտվել է մի միջադեպի պատճառով:
Վերջերս Հյուսիսային Իրաքում՝ Քանդիլում, կայացած հանդիպումներից վերադառնալիս՝ վթարի է ենթարկվել իրանական զինվորականների ու հետախուզության ներկայացուցիչների մեքենան, որի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի կողմից հայտարարություն չի եղել:
Թուրքական տեղեկատվական դաշտում վերջին շրջանում ակտիվացել են Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները՝ ՔԲԿ-ին աջակցելու և թուրք-քրդական հաշտեցման գործընթացը ձախողելու քայլերի ու մտադրության վերաբերյալ: Սրանից առաջ էլ թուրքական մամուլում շրջանառվում էր, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացն սկսելուց հետո Իրանն անցել է գործի՝ դրա խափանման համար, իսկ ողջ 90-ական թվականներին ակտիվորեն աջակցել ՔԲԿ-ին: